Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: 

«Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։

Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120.000 արցախցիների, այդ թվում՝ 30.000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության կողմից։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին,Ադրբեջանը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։

Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար»,- գրել է Ստեփանյանը»։

Արևմտյան Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես գալով որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, այժմ խստիվ դատապարտում է ագրեսոր Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների  և հումանիտար ճգնաժամի:

Leave a Reply