Արցախը Սյունիքին կապող նոր ճանապարհը Կոռնիձոր գյուղի միջով չի անցնելու, թեև գյուղացիներն անցած աշնանը ստորագրահավաք էին կազմակերպել ու կառավարությանը խնդրել, որ գյուղին հարակից դաշտերի փոխարեն ճանապարհն իրենց համայնքով կառուցեն։ Համայնքապետ Դավիթ Ղուլունցի խոսքով՝ ինքը նախարարին առաջարկել է ասֆալտապատել նաև Կոռնիձորի դաշտամիջյան ճանապարհից դեպի գյուղ եկող հատվածը։

2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր Արցախը Սյունիքի մարզին կապող միջանցքի նոր երթուղու նախագիծը։ Սակայն Ադրբեջանն արդեն անցած տարվա ամռանը հայտարարեց ճանապարհի իր մասի կառուցման ավարտի մասին։ Հայկական կողմը շինարարությունը սկսեց անցած օգոստոսից։

Արցախը Սյունիքին կապող փակ միջանցքի ֆոնին Կոռնիձորում ակտիվ շինաշխատանքների հետ ծագած ոգևորվածությունն աստիճանաբար մարում է։ Ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող գյուղացիները խաղաղության ակնկալիքներ գրեթե չունեն։ Բնակչությունը հիասթափված  է և հուսախաբված․ «Եկան խաբեցին ժողովրդին, արհամարհեցին մեզ», -նշում է կոռնիձորցի բնակիչը։

Գյուղացիները նույնիսկ փորձել են ընդվզել կառավարության որոշման դեմ, սակայն փոխարենը ոստիկաններ են գյուղ եկել։

Իրավիճակն այնքան աղետալի է, որ որոշ գյուղացիներ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի օկուպացիան համարում են զարգացման եռանդուն ծրագիր։

Leave a Reply