Ինքնության շուրջ շարունակվող բանավեճը պառակտում է ճնշված ալևիական-արևական համայնքը, որի հիմքերից է « biri olalım, iri olalım, diri olalım » (լինենք միասին, լինենք ուժեղ, լինենք ողջ) կարգախոսը:

Գոյություն ունի բանավեճի առարկա առնվազն չորս հակադիր տեսակետ. ամենաարմատական թուրքական ազգայնականության ջատագովները, ինչպիսին է Հալաչօղլուն, ձգտում են ապացուցել, որ Դերսիմի ալեւիները «քրդացած թուրքմեններ» են, հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները, հանձինս արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի, հայտարարում են, որ դրանք «կրոնափոխ հայեր» են, քուրդ ազգայնականների համար դերսիմցիները քուրդ ազգի մի մասնիկն  են, որը պայքարում է իր անկախության ու ինքնավարության իրավունքի համար: Կա նաեւ «զազայական» հոսանքը, ինչպես իր հոդվածում նշում է տիկին Խառատյանը, ով Դերսիմի ալեւիներին վերագրում է էթնիկ եւ ազգային առանձնահատկություններ:

Իրականում , այս թեզերից ոչ մեկը բավարար չէ Դերսիմի պատմությունը ճշգրիտ ուսումնասիրելու համար: Դարերի ընթացքում Դերսիմը մետիսացման տարածք է եղել, որտեղ առաջացել է զանազան էթնիկական ծագումների օրիգինալ մի սինթեզ հանդիսացող ալեւի-արևի  բնակչությունը՝ հայեր, Իրանի դայլամիթներ, քրդեր ու թուրքմեններ: 

Ալեւիները- Արևները, որոնց Օսմանյան կայսրությունում անվանում էին կըզըլբաշներ, մինչեւ իսկ վիրավորական բառերով՝ մոմ վառողներ (թերահ սոնդերան), ուրացողներ կամ անհավատներ (զինդիկ, ռաֆիզի), ստորակարգված էին քրիսոնյաներին, քանի որ միլլեթի կարգավիճակով չէին «պաշտպանված» և չէին վայելում դհիմմի (ոչ մուսուլման) կարգավիճակը: Միայն 19-րդ դարի վերջերին է, որ օսմանյան իշխանությունները սկսում են ալեւիներին-արևներին  հաշվառել որպես «մուսուլմաններ», ելնելով քարոզչական նպատակներից՝ նվազեցնել կայսրության քրիստոնյա հպատակների կշիռը և գաղափարապես ներքաշել նրանց զորավիգ կանգնելու «ջիհադն ընդդեմ քրիստոնյաների» դատին: Մարկուս Դրեսլերի հոյակապ ուսումնասիրությունը՝ «Writing Religion, the making of Turkish Alevi Islam», լավագույն հետազոտությունն է այս երեւույթը ավելի լավ ընկալելու համար:

Իրականում, այս բնակչությանը տրված զանազան անվանումները հաճախ պարսկական ծագում ունեն և սերտորեն առնչվում են ալեւիների ոչ մահմեդական բնույթի հետ: Մատտի Մուսան պնդում է, որ հայերը նրանց անվանում էին «Կարմիր գլուխ»՝ կըզըլբաշի բառացի թարգմանությունը, սակայն այդ տերմինը միեւնույն ժամանակ պարսիկ էր նշանակաում: Նույն բանն էր օսմանյան տերմինաբանությունում: «Ըստ էության, կարելի է պնդել, որ «զինդիկ» տերմինը (ուխտադրուժ, անհավատ), ուղիղ աղերսներ ունի զրադաշտների, մազդակականների և մանիքեականների հետ: Իսլամի պատմության մեջ, «զենդեկայի»  նախնական շարժումները պարսկական ծագումով խմբավորումներ են, որոնք պահպանում են  իրենց նախաիրանյան կրոնական համակարգերը՝ իսլամական քողի տակ: 

Շահ Իսմայիլի օրոք (16-րդ դար)՝ կըզըլբաշական շարժման Անատոլիա զանգվածային թափանցումից հետո մի նոր բառ սկսեց օգտագործվել՝ «Թաթ». «Անհայտ ծագումով մեկ այլ խումբ, որի գոնե մի մասը դասվում է Անատոլիայի ալեւիների շարքին՝ թաթերն են, որոնք նույնպես օսմանյան վավերագրերում բացահայտ դատապարտման էին արժանանում: Այդ ժամանակվա Թուրքիայում այս ամվանումն օգտագործվում էր «օտարի», բայց  նաեւ «իրանցու» իմաստով» :

Վերջապես, մեծ թվով ալեւիներ-արևներ, հատկապես Դերսիմում, անկեղծորեն հավատում են, որ իրենք ծագումով Պարսկաստանի Կենտրոնական Ասիային սահմանակից Խորասան կոչվող նահանգից են:  Առասպելական այդ նախահայրենիքը ալեւիներինը  չէ, որոնց մի մասը Անատոլիայի բնիկներն են, մի մասն էլ գալիս են  Գիլանից ու Դայլամանից կամ արեւմտան Իրանի Քերմանշահից: Խնդրո առարկա Խորասանը աշխարհագրական բնույթ չի կրում, այլ գրական, այսինքն՝ ինչպես արաբ հեղինակներն էին արտահահայտվում՝ «Ծագող արեւի երկիրն» էր, որով մատնանշվում էին նախաիսլամական Պարսկաստանի հին հավատալիքներին հավատարիմ մնացած տարածքները: Պատկերավոր այս բնութագրումից բացի, Խորասանը եղել է նաեւ պատմականորեն Դերսիմի կըզըլբաշների բռնի բնակեցման վայր՝ Իրանի սեֆյան շահերի կողմից, որոնք այս վերջիններին 17-րդ դարի սկզբին օգտագործել են որպես գրոհային ջոկատներ ընդդեմ սուննի ուզբեկների, որոնք փորձում էին ներխուժել Պարսկաստան: Ըստ պատմաբան Մեհմետ Բայրաքի՝ շուրջ  60 հազար Կըզըլբաշ տեղահանվեց հյուսիս-արեւելյան Իրան, ոմանք հաստատվեցին այնտեղ, մյուս մասը շուրջ 30 տարի անց վերադարձավ Դերսիմ: 

Մինչեւ 19-րդ դարի վերջերը Դերսիմի ալեւիների-արևների մոտ հավաքական ինքնություն գոյություն ունեցել է՝ կըզզըլբաշական ինքնության տեսքով, որը սերտորեն կապված է՝կրոնական և պատմական տարածքի հետ:

Ճիշտ է, որ ավելի ուշ, ինչպես արեւմուտքցի, սյնպես էլ հայ  ազգագրագետներ, պատմաբաններ ու աշխարհագրագետներ  գրեթե միաձայն այդ բնակչությանը դասակարգել են որպես «քրդեր»:  Գերմանացի աշխարհագրագետ Kiepert-ը 1955թ մի քարտեզի վրա նրանց ներկայացնում է որպես «Դուժիկի անկախ քրդեր»: Կարինում (Էրզրումում) Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Ջաբան 1860-ին նրանց մասին արտահայտվում է  «Դուժիկի քրդական ցեղախումբ» բնութագրմամբ:

 Այս վերջինը բացատրում է, որ թուրքերը նրանց անվանում են «դուժիկ» կամ «էկրատ» (քուրդ), սակայն «իսկական քրդերը նրանց կոչում են «կըզըլբաշ» : Այն ժամանակվա օսմանյան արխիվներում եւս խոսվում է «էկրադների» (քրդերի) կամ քոչվոր քուրդ ցեղախմբերի («Yörük Ekrad Tayfesi») մասին: Այսուհանդերձ, այն ժամանակ, երբ քրդական ազգային հարցը դեռ գոյություն չուներ, իսկ հիմնական կառուցվածքը աշիրեթային ու կլանային էր, կարծում եմ, որ  այս «քուրդ» անվանումները պետք է կապել նախ և առաջ նրանց քոչվորական ու հովվական գործունեության հետ, քան էթնիկական քանակակազմի հետ: Սա, ըստ էության, Գառնիկ Ասատրյանի ասածն է, երբ նա տալիս է դար              երի ընթացքում քուրդ բառի սահմանումը. 6-րդ ու 7-րդ դդ իրանական տեքստերի «Կուրթան ու մարթոհմ-ի Կուրթան»-ը, որը նշանակում է քոչվոր խումբ՝ վրանների տակ ապրող և արածեցումով զբաղվող հովիվներ: 8-րդից մինչեւ 12-րդ դդ արաբա-պարսկական տեքստերում հանդիպող «քուրդան ու աքրադ»-ը նշանակում է՝ քոչվոր, ավազակ, անասնապահ:

1913թ Փարիզում լույս տեսած մի աշխատությունում,  հստակ տարբերություն է դրվում «նստակյաց քրդերի», «քոչվոր քրդերի», «կըզըլբաշների» ու «զազաների» միջեւ:  

Ինքնություն հասկացությունը դերսիմցի ալեւիների մոտ որոշակիորեն աշիրեթային և կրոնական կառուցվածքի հետ է կապվում: Ինչպես նշել ենք նախորդ  հոդվածում՝«Դերսիմցիները միմյանց հայտնի էին իրենց աշիրեթային (տոհմա-ցեղային) անուններով:» Կլանային կամ աշիրեթային կառույցին պատկանելը անչափ կարեւոր էր, մանավանդ որ այն միաժամանակ ինքնավարության արժեք էր ներկայացնում: 

Դերսիմում ի զուր չեն ասում, որ ամեն մեկը իր աղան է (տերը՝ ֆեոդալական իմաստով): Հենց դրանից էլ ծագում են Դերսիմում հաճախակի տարածքային և ունեցվածքային հակամարտությունները աշիրեթների միջեւ: Սակայն ինքնությունը պետք չէ վերածել միայն ցեղախմբային պատկանելության: 

Դերսիմի ալեւիները-արևները, նրանց աշիրեթները իրենց հովվապետերի տոհմին՝ ընտրում էին ելնելով նրանց հոգեւոր իմաստությունից և գերբնական ձիրքերից (քերամեթ): Օջախ կոչվող հովվապետերի այս տոհմերը և աշիրեթների հավատարմությունը իրենց կրոնական ղեկավարությանը նույնքան կարեւոր են, ինչքան ցեղախմբային պատկանելությունը: Հազվադեպ չէ, որ դերսիմցիների մոտ ինքնության շփոթություն  է առաջանում՝ ցեղախմբի անվան և Օջախի անվան միջեւ, որին նա պատկանում է: Երբեմն նույնիսկ նույն անվան շուրջ երկակի ինքնություն է գոյանում՝ Քուրեսանների ցեղախումբը և Քուրեսան Օջախը    : Կրոնական ասպեկտը կարեւոր է, երբ նկատի ենք առնում ցեղախմբի սոցիալական շերտավորումը: Ցեղախմբի անդամները, ովքեր սերում են հովվապետերի տոհմից՝ կոչվում են Ռաս, ովքեր այդպիսին չեն՝ կոչվում են Ռամ, իսկ միջանկյալ կատեգորիան, երբ մայրը սերում է հովվապետերի տոհմից, իսկ հայրը ոչ՝ Թիկմե: Եթե հայրը Ռաս է, իսկ մայրը՝ Ռամ, զավակները համարվում են Ռաս.

Եթե կենտրոնանանք ինքնության կրոնական ասպեկտի վրա, այն ինչ ես կոչում եմ Օջախներին հավատարմություն, 19-րդ դարի  հայ հեղինակների առաջ քաշած  լեզվական հանգամանքը այլեւս քննադատության չի դիմանում: Իրոք, Դերսիմի ալեւի հովվապետերի երեք խոշորագույն տոհմերը տարբեր լեզուների կրողներ են. քուրեսանները զազայերեն են խոսում, քամասուրանները քրդերեն են խոսում. սալթուկ սարիները՝ թուրքերեն: Սրանով կարելի է բացատրել որոշ  ցեղախմբերի երկլեզու լինելու հանգամանքը, ինչպես նշում է հետազոտող Ալի Քայան, որը թվարկում է 126 աշիրեթներ, որոնցից 80-ը միայն զազայերենի կրողներ են, 23-ը` միայն քրդերենի,  22-ը` զազայերենի ու քրդերենի, և 1-ը՝  միայն թուրքերենի: (8) Ուստի շատ պարզունակ են ու մասամբ սխալ՝ այն հապշտապ եզրահանգումները, ըստ որոնց միայն զազայերենի կրող դերսիմցի ալեւիներն են էթնիկ զազաներ: Դա միանգամայն նույնքան  հատվածապաշտություն կլիներ եթե հայ լինելը բնորոշեինք միայն հայերեն խոսելով ու առաքելական եկեղեցուն պատկանելով:

Դերսիմցի հայերի այսօրվա բացահայտումը Դերսիմի մշակութային մետիսացման հարստությունն է: Նրանք արդեն քանի սերունդ ապրել են ալեւիական հավատքով, երբեմն խոսել հայերեն, իսկ ավելի հաճախ՝ զազայերենի ու հայերենի մի խառնուրդով: Միեւնույն աժամանակ, Դերսիմի ալեւիները կարող են  իրենց կապված զգալ հայկական, զազայական, կամ այլ ինքնության պահելով միաժամանակ հավատքն առ Մարդ էակ: Քանի որ «նրանք 72 ցեղախմբերին նույն աչքով են նայում»: Այլ ճանապարհ ընտրեց Դերսիմցի հայերի միությունը, որն իր մեջ ներառում է անվանափոխությունը (հայկական նոր անվան ձեռք բերումը): Դա մի ընտրություն է, որի իրավունքն ունի  յուրաքանչյուր ոք:

Շարունակելի․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան