1937թ. մայիսին թուրքական կառավարությունը  որոշում ընդունեց վերջնականապես ճնշել դերսիմցիների իբր թե «ապստամբությունը»։ Իրականում նպատակը Դերսիմի կիսանկախ զազա և ալևի-արևի ցեղերին հնազանդեցնել էր։ Այս իրադարձությունը կարևոր է մեզ՝ հայերիս համար նաև այն պատճառով, որ Դերսիմում էին Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության հիմնական փուլից (1915-1923թթ.) հետո ապաստան գտել բազմաթիվ հայեր։ Western Armenia tv-ին ներկայացնում է  մի քանի դիպված տեղի ունեցածի մասին։

1930-ական թթ. սկզբներին դերսիմցիներին վերջնականապես հպատակեցնելու նպատակով թուրքական իշխանությունները որոշեցին օգտագործել վերաբնակեցման մասին օրենքը: Դերսիմցիները պետք է տեղահանվեին և վերաբնակեցվեին Փոքր Ասիայի արևմտյան տարբեր շրջաններում, իսկ «քրդաթափ» շրջաններում բնակություն էր հաստատելու Բալկաններից ներգաղթած թուրքական տարրը: Բացի դրանից, ցեղերի ողջ անշարժ գույքը բռնագրավվելու և բաժանվելու էր Բալկաններից ներգաղթած թուրքերին: Այս քայլով կառավարությունը ջանում էր մի կողմից` երկրի արևելյան շրջանները բնակեցնել «հուսալի թուրքական տարրով», իսկ մյուս կողմից` կանխել քրդական նոր հնարավոր ապստամբությունները: Այդ ծրագիրը Դերսիմում կամ, ինչպես քեմալականներն էին վերանվանել, Թունջելիում մեծ հուզումների տեղիք տվեց: Շուտով ողջ Դերսիմը հայտնվեց ապստամբության կրակի մեջ: Այն ղեկավարում էր Սեյիդ Ռըզան, ով տարածաշրջանի մեծ հեղինակություն ունեցող ալևի ցեղապետերից էր: 1936 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկությամբ Դերսիմի հարցը մտցվում է ԹԱՄԺ-ի փակ նիստի օրակարգ: 1936 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի բացման ժամանակ Աթաթյուրքը Դերսիմի վերաբերյալ իր զեկույցում ասաց. «Մեր ներքին գործերի մեջ ամենակարևորը Դերսիմի խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն գնով արմատախիլ անել այդ սարսափելի թարախակույտը: Այս հարցի վերաբերյալ շտապ միջոցներ ձեռնարկելու համար կառավարությունն օժտված է լայն իրավասություններով»: