ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման, ճանաչման և ընդլայնման իր առաքելությանը:

 Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Փառատոնի ընթացքում հնչած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նաև տեղ են գտնում հայտնի մեդիա հարթակներում։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ և նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ: