Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Շոլցը նշել է, որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական առաջնագծում ստեղծված անկայուն իրավիճակով։
«Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնել՝ ի բարօրություն Արցախի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է բռնազավթված պահել 1920 թվականին ճանաչված Հայաստան պետության տարածքները, միևնույն ժամանակ հավակնություններ ներկայացնելով հայկական այլ շրջանների նկատմամաբ նույնպես։ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային նորմերը՝ չհետևելով հարցի խաղաղ ճանապարհով լուծման կոչերին։