
Բաքվում տասնյակ հայ ռազմագերիներ կան՝ պատերազմի և երկու երկրների միջեւ Արցախում վերջին բախումների պատանդներ։ Ադրբեջանը, որը ռազմագերիներին «ահաբեկիչներ» է անվանում, չի շտապում նրանց հանձնել Հայաստանին։ Այդ մարդիկ դարձել են «մանրադրամ» բանակցություններում, որոնք պետք է հանգեցնեին խաղաղության, բայց մտել են փակուղի։ Այս մասին գրում է ВВС-ի ռուսական ծառայությունն իր «Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա» ծավալուն նյութում։
ВВС-ն հիշեցնում է, որ 2021թ. ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Նրանց մեղավոր են ճանաչել ահաբեկչության, զենքի ապօրինի պահման եւ կրման, սահմանի ապօրինի հատման մեջ։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանի տարածքում գերության մեջ է գտնվում 33 հայ ռազմագերի։ Բայց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն ասում է, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Վերջին ամիսներին Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասում գերիների մասին։ Փորձագետները կարծում են, որ գերի զինվորներն առեւտրի առարկա են Ադրբեջանի համար։
Սկզբում Բաքվում ասում էին, որ ռազմագերիներին չեն հանձնում Հայաստանին, որովհետեւ Երեւանն իբր չի կատարում եռակողմ համաձայնագրի պայմանները. խոսքն ականապատ դաշտերի քարտեզները Հայաստանի կողմից հանձնելու խոստումների մասին է։ Հայաստանն, այնուամենայնիվ, հանձնեց քարտեզները։ Գերիները հարկավոր են քաղաքական ժեստերի համար, օրինակ, երբ տարածաշրջան էր եկել ԱՄՆ պետքարտուղարը, Ադրբեջանի իշխանությունները ժեստ արեցին, տվեցին 15 մարդու»,- ասում է իրավապաշտպան եւ Ղարաբաղյան հակամարտության պատմության մասնագետ Արիֆ Յունուսը՝ նշելով, որ քարտեզները միայն պատրվակ էին։ Նրա խոսքով՝ հայ զինվորականներին Ադրբեջանը կարող է պահել նաեւ իր դիրքերը Հայաստանի հետ բանակցություններում ուժեղացնելու համար։ Դրանով է, ըստ նրա, բացատրվում, թե ինչու Ադրբեջանն այդքան երկար ոչ մեկին չի վերադարձնում. բանակցային գործընթացում առայժմ լռություն է։
Նման կարծիքի է նաև Ղարաբաղյան հակամարտության ոլորտի փորձագետ, ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական իշխանություններն «օգտագործում են գերիներին բանակցություններում՝ որպես լրացուցիչ փաստարկ, որպեսզի ինչ-որ զիջումներ ստանան Երեւանից»։
…Դեկտեմբերին մարդիկ, որոնք իրենց ադրբեջանցի բնապահպաններ են անվանում, փակեցին Ացախից Հայաստան տանող գլխավոր ճանապարհը՝ դրանով իսկ փաստորեն սկսելով հայաբնակ շրջանների շրջափակումը։
…Ադրբեջանն առանձնապես չի էլ թաքցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ հայրենիք թողնել ռազմագերիներին։ Դեռեւս մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ Սամեդ Սեիդովը ասել է. «Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչներին» վերադարձնելու հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը»։
Սակայն պայմանագրի ստորագրումը «դեմ է առնում» տեղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին, որոնք զգուշանում են իրենց անվտանգության համար՝ Ադրբեջանում իշխանությունների կողմից աջակցվող հայատյացության համատեքստում։
Արևմտյան Հայաստանը դատապարտում է ագրեսոր Ադրբեջանի գործողությունները, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ այդ զինվորները պաշտպանում էին հայկական պետության տարածքը, և որ այդ տարածքը օկուպացված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Գերիների հարցը պետք է կարգավորվի Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային կառույցների անմիջական ներգրավվածությամբ և նրանք պետք է հետ վերադարձվեն հայրենիք։