Արցախի ժողովրդի համար հումորն անկախ ամեն ինչից բնավորության անբաժան մասն է: Իսկ հումորի և ուրախության հանդեպ ունեցած նրանց սիրո խորհրդանիշն է դարձել Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը: Պըլը Պուղու հուշաքարը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում: Այն կառուցվել է 1976 թվականին:Իսկ ո՞վ է եղել ուրախության խորհրդանիշ դարձած հայտնի արցախցին:
Պըլը Պուղին իրական անձնավորութուն է, ծնվել է 1731թ. Վարանդայի Շոշ գյուղում։ Նրա իսկական անունը Պողոս էր, բայց ժողովրդի շրջանում հայտնի է որպես Պըլը Պուղի՝ իր սրամտության, զվարճախոսության համար («պել» նշանակում է գիժ)։ Պըլը Պուղին մեծ հեղինակություն է ունեցել արցախցիների մոտ, և նրա անունը հասել էր նաև Վարանդայի դավաճան տիրակալ Մելիք Շահնազարին։ Վերջինը սրամիտ Պըլը Պուղուն հրավիրել է ապրելու իր մոտ։ Զվարճախոսը համարձակորեն քննադատել ու ծաղրել է նաև Մելիքի սխալ որոշումները: Ահա թե ինչու ժողովրդական բանահյուսության մեջ Պըլը Պուղու կատակները կապված են, հիմնականում, Մելիք Շահնազարի հետ։
Պըլը Պուղու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր։
Պըլը Պուղին մահացել է 1810 թվականին, բայց նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է արցախյան բոլոր ընտանիքներում: Հունոտի կիրճ բնապատմական արգելոցում գտնվող նրա հուշաքարն էլ ավելի վառ է պահում և սերնդեսերունդ փոխանցում վերջինիս հիշատակը: