
Դերսիմի ապստամբության պարտությունից հետո ալևիները մեկուսացան իրենց ներհամայնքային կյանքով և Օկուպացված Արևմտյան Հայաստանի կենտրոնում այսօր էլ ներկայանում են որպես մի «կղզի»:
Օկուպացված Արևմտյան Հայաստանում այսօր էլ հանրությունն անթաքույց հետաքրքրություն ունի ալևիների կենցաղի, սովորույթների, կրոնի, աշխարհայացքի նկատմամբ: Ի դեպ, մինչ օրս գրքեր և հոդվածներ են լույս տեսնում և ստահոդ լուրեր են տարածվում ալևիների կենցաղի և սովորույթների մասին` նրանց մեղադրելով պիղծ բարքերի, սովորությունների մեջ:
Թուրքական պետությունն այսօր, ռազմական միջոցներից զատ, այլ միջոցների է դիմում ալևիներին իրենց բնակավայրերից տարագրելու և նրանց կենտրոնացումը խափանելու համար: 1980-ական թթ. վերջերին Անկարան Դերսիմի շրջանում գտնվող անտառները հայտարարեց ազգային պարկ և ալևիների հարյուրավոր բնակավայրեր հարկադրեց դատարկել՝ բնակչությանը ցրելով և վերաբնակեցնելով արևմուտքում: Բացի այդ, իշխանությունները Եփրատ գետի վրա ջրամբարներ են կառուցում «տնտեսական» նպատակներով և այնպես են նախագծում, որ տասնյակ ալևի բնակավայրեր հայտնվեն ջրի տակ:
Ալևիներն այսօր իրենց ազգային տոներն ունեն, նաև Դերսիմում ամեն տարի մեծ միջազգային փառատոն են անցկացնում: Հաջիբեկթաշի փառատոնն ամեն տարի տասնյակհազարավոր զբոսաշրջիկների մուտք է ապահովում, լուսաբանվում են ալևիների կենցաղն ու սովորույթները: Ի դեպ, ալևիների տարածման աշխարհագրությունը չի սահմանափակվում Օկուպացված Արևմտյան Հայաստանով: Նրանց հոծ զանգվածներ բնակվում են նաև Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, որի նախագահ Բաշար Ասադը նույնպես ալևի է:
Ալևիների-արևների կրոնը մինչ օրս լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Կարելի է ասել՝ այն հավաքական է՝ քրիստոնեության, իսլամի և հայ միհրականության հետաքրքիր սինթեզ: Համենայն դեպս, ալևիները չեն ընդունում իսլամը, Ալլահին, Մուհամմեդ մարգարեին, մոմ են վառում, և այլն:
Ի դեպ, XIX դարում նրանց Օսմանյան կայսրությունում մոմ վառող էին անվանում, ինչը լրացուցիչ կռվան է պնդելու, որ ալևիները ո՛չ թուրքական ծագում ունեն, ո՛չ քրդական: Հայերն ալևիներին տվել են ղզլբաշ՝ կարմիր գլուխ անվանումը, թուրքերը՝ զինդիկ՝ անհավատ: Հետաքրքիր է, որ գիտական բացատրությամբ զինդիկն այն խմբավորումն է, որը հանդես է գալիս իսլամի քողի տակ` պահպանելով իր նախնյաց պաշտամունքը: Շատ ուսումնասիրողներ ալևիներին-արևներին իրանական ծագում են վերագրում: Չնայած առկա ընդհանրացումներին՝ ալևիների հիմնական խմբաքանակը իրանական ծագում ունենալ չի կարող: Միջնադարում իրան-թուրքական շարունակական հակամարտությունների և արյունահեղ պատերազմների պատճառով ուղղակի անհնարին էր Իրանի տարածքից խոշոր խմբաքանակով ներթափանցումը Օսմանյան Թուրքիա: Բացի այդ, ալևիներն ապրել ու ապրում են իրենց հայրենի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, նրանք այստեղ եկվորներ չեն, տեղաբնիկ են: Այս առումով ավելի հիմնավոր է այն պնդումը, որ ալևիները հայկական ծագում ունեն: Ալևիների կենտրոնը պատմական Ծոփք նահանգի Դերսիմ քաղաքն է, որ այսօր կոչվում է Թունջելի:
Ամենայն հավանականությամբ, ալևիները հայոց հին դավանանքի հետնորդներն են, որ 301-ին չընդունելով քրիստոնեություն` առանձին, մեկուսի են ապրում մինչ օրս: Սա հեռու չէ ճշմարտությունից և այս տեսակետի օգտին վկայող փաստեր կան:
Նախ` միջնադարյան շատ հայ պատմիչներ են նշում, որ դեռևս XII-XIV դարերում պատմական Հայաստանում արևորդիներ կամ արորդիներ են ապրել առանձին համայնքներով: Իսկ մեկուսի ապրելու հնարավորություն միջնադարում, իհարկե, կար: Անգամ մեր օրերում` մինչև 1960-ական թթ. Դերսիմի հայերը համոզված էին, որ ցեղասպանությունից փրկված միակ հայերն են աշխարհում…
XX լուսավորյալ դարում: Իսկ միջնադարում շատ ավելի մեծ հնարավորություն կար մեկուսի կենցաղավարությամբ պահպանելու ազգային դավանանքն ու ինքնությունը:
XVIII-XIX դդ. աղբյուրները հավաստում են, որ Դերսիմի շրջանում հայկական, քրդական բնակավայրերի հետ կային նաև ղզլբաշների գյուղեր, բայց նրանց թվաքանակն էական չի եղել: Պետք է եզրակացնել, որ ցեղասպանության ժամանակ հայերը, չցանկանալով իսլամ ընդունել, պահեցին իրենց գոյությունը՝ ալևի ձևանալով:
Ի դեպ, Դերսիմից հեռու չեն հին հայոց գլխավոր սրբավայրերը՝ պատմական Երիզան, որ այժմ Երզինջա է կոչվում և որտեղ գտնվել են հին հայերի գլխավոր պաշտամունքային վայրերը: Հենց Դերսիմում և ոչ հեռու գտնվող Մնձուրում էլ կան նման պաշտամունքային վայրեր, և ալևիները մեծ ակնածանքով են վերաբերվում դրանց: Մասնավորապես՝ Անահիտի աղբյուրները, հորդառատ ու վճիտ աղբյուրներ, որ բխում են գետնի տակից, նախ հավաքվում, լճանում, ապա վտակի տեսքով հոսում դեպի Մնձուր գետը:
Ըստ տեղաբնակների` այս աղբյուրները բխում են Անահիտ դիցամոր 40 ստինքներից և սրբազան են համարվում: Անահիտի աղբյուրների ջուրը կարելի է խմել, բայց դրանով լվացվել չի կարելի, քանի որ կպղծվի ջուրը: Աղբյուրի ակի մոտ ալևիներն անգամ մոմ են վառում:
Այսօր էլ ալևիների ծիսակարգում պահպանված են շատ բնապաշտական սովորույթներ:
Օրինակ ՝ Արևը, որին երկրպագում են, ամեն առավոտ ծնվում է ժայռի մեջից, երեկոյան մայր մտնում ծովում… Եվ դա հավերժ պտույտ է, որ խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը: Սրանք հենց հայոց միհրականությունից՝ լույսի և արդարադատության աստված Միհրի պաշտամունքից մնացած տարրեր են, որ ալևիները պահպանել ու պաշտում են մինչ օրս:
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան