Վերջին տարիներին հայկական մեդիադաշտում բավական հաճախ շրջանառվում են Օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Դերսիմի պատմաաշխարհագրական տարածաշրջանում զազաների և նրանց կողքին բնակվող՝ Ցեղասպանությունից փրկված հայերի ընդհանրությունների ու հավաքական ինքնության առնչության մասին զանազան թեզեր։

Ըստ առավել տարածված թեզերից մեկի՝ դերսիմցի զազաները զգալի չափով ունեն հայկական ծագում կամ կրում են երբեմնի հայկական ինքնության խորը հետքեր, մինչդեռ այլ տեսակետների համաձայն՝ Դերսիմը դարեր շարունակ յուրօրինակ խառնարան է եղել, որտեղ տարբեր էթնիկական ծագում ունեցողների հավաքական ինքնության հիմնական բաղադրիչն այժմ ալևիական կրոնը և զազայերեն լեզուն են։ Western Armenia tv-ին ներկայացնում է, թե ովքեր են ի վերջո զազաները և ինչ առնչություն են ունեցել հայերի հետ։

Ովքե՞ր են զազաները

Զազա ժողովրդի ներկայացուցիչների կողմից սեփական հավաքական ինքնության բնորոշումը հաճախ հակադրվում է հարևան ժողովուրդների՝ հատկապես քրդերի ու թուրքերի կողմից տրվող բնորոշումներին․ չկա նույնիսկ այդ հանրույթին տրվող համընդհանուր ընդունելի մեկ անվանում և, ինչքան էլ զարմանալի է, նույնիսկ ինքնանվանում։ Թե ներկայում, թե անցյալում եղած այդ տարբերություններն ու նաև մասնագիտական դաշտում առկա շփոթը հիմնականում կապված են այն հանգամանքի հետ, թե հավաքական ինքնությունը բնորոշող առանձին բաղադրիչներից՝ էթնիկական ծագում և ձևավորման ընթացք (էթնոգենեզ), լեզու, կրոն, որին է ավելի մեծ նշանակություն վերագրվում, կամ որն է հիմք ընդունվում այդ հանրույթի անվանման համար։

Զազաները ներկայում առավելապես բնակվում են Դերսիմում (հիմնականում համընկնում է Թունջելի նահանգին, որտեղ ալևի զազաները մեծամասնություն են կազմում), ինչպես նաև Բինգյոլի (Ճապաղջուր), Էլազիգի (Խարբերդ), Մուշի, Բիթլիսի, Դիարբեքիրի, ևս մի քանի այլ նահանգներում։ Ընդհանուր թվաքանակը տարբեր գնահատականներով հասնում է 4 միլիոնի, որից ավելի քան 300 հազարը (որոնց մեջ կան զգալի թվով քաղաքական փախստականներ) բնակվում է Եվրոպայում։ Դերսիմի պատմաաշխարհագրական տարածաշրջանն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի քանի լեռնաանտառային եզրագավառներ՝ տարածվելով հարավում Արածանի գետի ավազանից մինչև հյուսիսում Եփրատի ավազան․ համապատասխանում է հիմնականում Մեծ Հայքի Ծոփք նահանգի հյուսիսային մասին և Բարձր Հայք նահանգի հարավային Մուզուր (Մնձուր) գավառի տարածքին։

Նախ պետք է նշել, որ զազա և ալևի-արևի անվանումները միմյանց համարժեք չեն՝ ոչ բոլոր զազաներն են ալևիական կրոնի հետևորդներ (կան նաև սուննի զազաներ), և առավել ևս՝ ոչ բոլոր ալևիներն են էթնիկական առումով զազաներ․ տարբեր գնահատականներով՝ Օկուպացված Արևմտյան Հայաստանի բնակչության մինչև 15-20 %-ը կազմող ալևի համայնքի միայն մի մասն են զազաներ, մնացածը հիմնականում «թուրքեր են», ինչպես նաև «քրդեր», հայկական ծագում ունեցողներ։

Ալևիականությունը ևս համընդհանուր ընդունելի բնորոշում չունի, մասնագետների մեծ մասի կողմից համարվում է շիական իսլամի ինքնատիպ ուղղություն, որը բազմաթիվ հատկանիշներով զգալիորեն տարբերվում է շիիզմից․ մինչդեռ ալևիների մի մասը համարում է, որ ալևիականությունը հավասարապես թե սուննիականությունից, թե շիականությունից էականորեն տարբերվող յուրօրինակ կրոն (կամ կրոնական ուղղություն) է՝ հիմնականում նկատի ունենալով ոչ այնքան բուն կրոնածիսական, այլև ալևիականության հետևորդների մշակութային, կենցաղային ու սոցիալական կյանքի առանձնահատկությունները։ (Արժե նշել նաև, որ ալևիականությունը չպետք է շփոթել Սիրիայում տարածված ալավիականության հետ)։

Բավական առանձնահատուկ է ինքնանվանման հարցը՝ Դերսիմում բնակվող ալևի զազաներն իրենց անվանում են կըրմանջի (մանջ) (տարբերվում է հյուսիսային քրդերի կուրմանջի ինքնանվանումից), իսկ սուննի զազաներին բնորոշում են հենց զազա անվանումով․ միևնույն ժամանակ, զազայերեն լեզվում կըրմանջին հաճախ ալևիի հոմանիշ է համարվում։ Դերսիմից հարավ բնակվող՝ այսպես կոչված կենտրոնական և հարավային զազաների ինքնանվանումը դըմլի (կամ դիմիլի) է։ Դըմլի ինքնանվանումն արտացոլում է զազաների պատմական ծագումնաբանությունը․ առավել ընդունված տեսակետի համաձայն՝ զազաների նախնիները Կասպից ծովի հարավային շրջանում գտնվող Դայլամ երկրամասի իրանալեզու-հայալեզու  բնիկներն էին՝ դայլամցիները (դելմիկները), որոնք 10-12-րդ դդ․գաղթելով հաստատվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում՝ ներկայիս բնակության շրջաններում։

Ուշագրավ է, որ դայլամցիները արաբների կողմից Իրանի նվաճումից հետո երկար ժամանակ պահպանում էին զրադաշտականությունը (հիմնված երկակիության վրա), նաև արևի պաշտամունքի հետ կապված հեթանոսական հավատալիքները, որոնք համեմատելի չեն հին հայի հավատալիքների հետ (հիմնված հավասարակշռության վրա), իսկ 7-8-րդ դարերում տարածվեց նաև նեստորական քրիստոնեությունը, ապա 9-րդ դ․ վերջին, ի հակադրություն արաբ տիրապետողների, դեյլամցիների մեծ մասը շիական իսլամ ընդունեց։ Այս կրոնական տեղաշարժերն էլ հետագայում արտացոլվեցին զազա ալևիների կրոնամշակութային առանձնահատկություններում։

Զազաների մի մասի դըմլի ինքնանվանման մասին ուղղակիորեն վկայում է դեռևս միջնադարյան հայկական մատենագրության մեջ հիշատակվող դլմիկ կամ դելմիկ անվանումը, որը զազաների հարևան հայերի կողմից գործածվում էր նաև նոր ժամանակներում։ Իսկ ինչ վերաբերում է զազա անվանմանը, այն սկզբնապես այդ հանրույթին հարևան ժողովուրդների կողմից տրված քամահրական հորջորջում է եղել և բառացիորեն նշանակում է «կակազող», կապված է զազայերենի հնչյունական կազմի առանձնահատկությունների հետ (սուլական ու պայթաշփական բաղաձայնների՝ զ, ս, շ, ց, ձ, ջ և այլն, առատության հետևանքով)։

Զազայերեն լեզուն մասնագետների մեծ մասի կողմից բնորոշվում է որպես իրանական լեզվախմբի ինքնուրույն լեզու (ի դեպ, զազայերենի ուսումնասիրման գործում մեծ ներդրում ունեն գերմանացի հայազգի լեզվաբան Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը (1846-1930) և հայ իրանագետ Գառնիկ Ասատրյանը), մինչդեռ քուրդ գիտնականների կողմից զազայերենը համարվում է քրդերենի առանձին բարբառ։ Այստեղ տեղին է նշել, որ զազաների հարևան քրդերն այդ ժողովրդին քրդական հանրույթի մի մասն են համարում, և առհասարակ, զազաների ու քրդերի և այդ լեզուների միջև առնչակցությունը հաճախ քաղաքական ակնհայտ աստառ է ստանում ինչպես քրդական ազգայնականության, այնպես էլ թուրքական պետության կողմից (որն իր հերթին փորձում է ալևի զազաներին հակադրել սուննի քրդերին)։ Հարկ է նշել նաև, որ ոչ բոլոր զազաներն են զազայերենի կրողներ՝ կան նաև քրդախոսներ ու թուրքախոսներ։

Իրականում զազաների էթնիկ, կրոնական, լեզվական ու սոցիալ-մշակութային բնութագիրը և այդ ամենի հետ կապված՝ ինքնության հարցերը շատ ավելի բարդ ու խճճված են, քան հնարավոր է ներկայացնել մեկ ակնարկի միջոցով։ Նշենք միայն, որ զազա կոչվող ժողովուրդը ողջ 20-րդ դարում և ներկայում էլ ինքնության շարունակական վերաձևավորման ու կառուցման գործընթացների մեջ է ընթանում՝ գտնվելով մի կողմից քրդական ազգայնականության, մյուս կողմից թուրքական պետության ազգային քաղաքականության հակադիր ազդեցությունների հորձանուտում։

Զազա ալևիների կրոնամշակութային հակադրությունը, սեփական ինքնության հաստատման ու ինքնուրույնության, ազատության ձգտումները արդեն 20-րդ դ․ սկզբից սկսած ձեռք են բերել ազգայնական երանգներ, որոնց ամենավառ դրսևորումը 1937-38 թթ․ Դերսիմի ապստամբությունն էր, որը արյան մեջ խեղդվեց Քեմալ Աթաթուրքի հրամանով, և արդյունքում տարբեր գնահատականներով կոտորվեց 2-4 տասնյակ հազար մարդ։ Մյուս կողմից, այդ ապստամբությունը այսպես կոչված հանրապետական Թուրքիայի կառավարութանը կողմից էթնիկ-կրոնական փոքրամասնությունների բռնի ճնշման ու «թուրքական մաքուր ցեղի» հաստատման ազգայնամոլական քաղաքականության պատասխանն էր։ Դերսիմի կոտորածը փաստացի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հաջողված փորձի կրկնությունն էր, թեև փոքր մասշտաբներով, արդեն զազա ալևիների դեմ։ Տարբեր վկայությունների համաձայն, ինչպես նաև մի շարք հետազոտողների կարծիքով Դերսիմի կոտորածն ուղղված էր նաև Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության տարիներին զազաների մոտ ապաստան գտած ու փրկված, որպես զազա ալևի ծպտված՝ մի քանի տասնյակ հազար հայերի վերջնական ոչնչացմանը։

Շարունակելի․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան