Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:
Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Արցախ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Արցախի հայությանը՝ բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում:
Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին:
Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Թեև Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող իրավական հիմք հանդիսանալ 1920 թվականին միջազգային կառույցների կողմից ճանաչված հայկական պետության գոյության համար, Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է օկուպանտ Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ կոչ անելով միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին քայլեր ձեռնարկել։ Արդեն պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղություն չեն ցանկանում՝ միաժամանակ սադրելով նման հայտարարություններով։
Պետք է հիշեցնել նաև թուրք/ադրբեջանական իշխանություններին և նրանց արևմտյան գործընկերներին, որ պահպանվելու է ողջ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստան պետության կազմաքանդման գործընթացն այլեւս արդիական չէ.