Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով:
Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են:
«Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնեց Արարատ Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի ցուցանիշին:
Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել: