Արևմտյան Հայաստանի Կարս նահանգի Տեկոր գավառում գտնված 5 հայկական պատմական եկեղեցիներից վերջինը ևս վերանում է բարձիթողի վիճակում լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։

Անիի ավերակներից մոտ 25 կմ հարավ-արևմուտքում, Տեկոր գավառից 5 կմ հեռավորության վրա գտնվող այդ 5 եկեղեցիներից մեր օրեր է հասել միայն Սուրբ Սարգիս եկեղեցին, որը վերածվել է հովիվների և գանձագողերի հավաքատեղիի։

Եթե հնարավորինս շուտ միջոցներ չձեռնարկվեն, այդ եկեղեցին ևս, մնացած 4-ի նման, պատմության գիրկը կանցնի։ Եկեղեցու ներսը վերածվել է անասնագոմի, իսկ պատերը՝ քանդված են։ Տեղի բնակիչները պոկել են դրանք և տարել շինարարության մեջ օգտարծելու համար։

Տեկորի բոլոր 5 հայկական եկեղեցիներն էլ գմբեթավոր են եղել, դրանք են՝ Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս։  

Հիշեցնենք, որ այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո:                                                                                         

Այս եկեղեցիները համարվում են Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության մի մասը և դրանց պահպանում շատ կարևոր է։ Թուրքական իշխանությունները բռնազավթելով Արևմտյան Հայաստանի տարածքները, իրենց կողմից տարվող հատուկ քաղաքականության միջոցով փորձում են ոչնչացնել նաև մշակութային արժեքները։ Միջազգային հանրությունը պետք է այս ամենը արձանագրի և հստակ գործողությունների դիմի։

Այս հարցը լինելու է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի զեկույցի թեմա։

Leave a Reply