Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ): Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում:

V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Այդ ժամանակվանից սկսած Ամարասը Հայաստանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից դարձավ:

Ամարասի վանքը բազմիցս անգամ կողոպտվել և ավերվել է արաբական և մոնղոլական ասպատակությունների ժամանակ, այդ թվում Լենք-Թեմուրի գլխավորած մոնղոլ-թաթարական հորդաների ներխուժման ժամանակ (1387թ.):

Երբ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանին, Ամարասը` ունենալով բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, ծառայել էր որպես ամրոց: Դեռ XVIII դարում Վարանդայի մելիք Շահնազար II-ը հարթավայրում գտնվող վանքը անառիկ դարձնելու նպատակով նրա շուրջը բավականին բարձր պատեր կառուցեց առանց որևէ անցքերի:

Ամարասը, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձաններ, տուժել է Արցախյան պատերազմների ժամանակ ադրբեջանական կողմի նպատակասլաց հրետակոծություններից: Երբ վանքն անցավ ադրբեջանական զորքերի տիրապետության տակ, ավերվեց Սուրբ Գրիգորիսի դամբարանը: Հետագայում Ամարասը վերադարձվեց Հայկական Առաքելական եկեղեցուն: Այդ ժամանակ էլ սկսվեցին վանքի վերականգնողական աշխատանքները: