ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները կողմերից 
պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Արցախի՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայտարարության մեջ ասված է.

«Դեռևս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Արցախ և հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների և մարդասիրական իրավունքի»:

Արևմտյան Հայաստանը կոչ է անում արցախցիներին շարունակել պայքարը հանուն իրենց իրավունքների, սակայն նախագահ Ալիևը չի կարող լինել այդ իրավունքների երաշխավորը, քանի որ նա է այն հանցագործությունների հեղինակը, որոնք աքսորում են արցախցիներին։