Հայկյան Ամանոր-Զատիկը՝ ըստ Հայկական 13565 թվականի, տեղի է ունենում Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին: Այսօր Հայկյան տոմարի Արեգ ամսվա Արեգ օրը՝ գարնանային  օրահավասարին, տոնում ենք Հայոց Ամանոր-Զատիկը, Գարնանամուտը։

Զատիկին ավարտվում  է պահքը և  սեղանը զարդարվում է ազգային և տոնական զանազան ուտելիքներով։

Գարնան օրահավասարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մարտի 21-ի վաղ առավոտյան, ժամը 1:24-ին, որը բուն նոր տարվա պահն է համարվում:

Ամանորի կարևոր բաղադրիչներից է ածիկը։ Այն ցանում ենք տոնից մոտ  երեք  շաբաթ առաջ։  Ցորենի, գարու կամ այլ սերմերը խորհրդանշում են մեր մտքերը, որը ցանելով, խնամելով և հասունացնելով, վերածում ենք նպատակների, որոնք էլ նոր տարվա ընթացքում պետք է  իրականացնենք։ 

Հավկիթը նոր կյանքի խորհրդանիշն է, և այն տարբեր  գույներով ներկելով, մենք գարնան հետ եկած նոր կյանքը   ներկում ենք վառ գույներով։ Սակայն առավել տարածված է կարմիր գույնը։

Վառվող  մոմը արևի  խորհրդանիշն է, որը զարդարում է Արևորդիների տոնական սեղանը։ Սեղանին դրվում է նաև մեղրը որը ընտանեկան սիրո և քաղցրության խորհրդանիշն է։

Գինին հայոց սրբազան հողի, արևի, հայ գյուղացու արարող ձեռքի, ազնիվ մտքի խորհրդանիշն է։  Այն նաև համբերության և  հասունության խորհրդանիշն է։

 Սեղաները զարդարվում են ազգային  զանազան կերակուրներով, չիր ու չամիչ, ընդեղեն, հալվա, գաթա, փախլավա, փոխինձ,  և ըստ նախասիրությունների՝ բազում այլ ուտեստներով։ Օրը գեղեցկացնում են նաև  ազգային զանազան  խաղերը, որոնցից առավել տարածված են ձվախաղերը, վիճակ խաղերը ( օրինակ երբ կլոր գաթայի(տարեհացի) մեջ կոճակ, կոպեկ կամ լոբու հատիկ է  դրվում, և ուտելու ժամանակ  ում բաժին հասնի այն համարվում է, որ տարին նրա հանդեպ ավելի բարեհաճ կգտնվի) և բազում այլ խաղեր որոնք ուղեկցվում  են ազգային երգ ու պարով։

Տոնը սկսվում է արևածագի դիմավորմամբ, իսկ գլխավոր ծեսերն իրականացնում են այն ժամին երբ արևը գտնվում է իր բարձրագույն կետում։

Շնորհավորում ենք բոլոր Հայկազունների Ամանոր-Զատիկը։

Հայկազուն Արեւորդիների Համայնք: