Հայերի պատմությունն աշխարհի հնագույն պատմություններից մեկն է: Բոլորս հայ ենք, սակայն ունենք մեր առանձնահատկությունները: Այսօր կխոսենք համշենահայերի ծագման, ապրելու վայրի մասին: 

Ովքե՞ր են համշենահայերը

Սա հայ ազգի  ճյուղերից մեկն է, որը որն ունեցավ իր զարգաշրջում: Ըստ հնագույն աղբյուրների՝ համշենահայերը սերում են հայերից, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են հեռավոր վայրում, մասնավորապես՝ Փոքր Հայքի Համշեն տարածաշրջանի լեռներում: Այժմ սրանք Ռիզե, Տրապիզոն, Օրդու, Հոպա և այլ քաղաքներն են:

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թթ.-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489 թ.-ին պարտվել է օսմանյան թուրքերին, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ 

Դարերի ընթացքում նրանք ձևավորել են իրենց յուրահատուկ մշակույթը, որը տարբերվում է Արևելյան Հայաստանի մշակույթից: Նրանք ունեն իրենց սեփական տարազը, բարբառը: Արևելյան Հայաստանի հայերն այդքան էլ լավ չեն կարողանում հասկանալ նրանց բարբառը: Համշենահայերենում մի շարք հին հայկական բառեր են պահպանվել, որոնք չեն օգտագործվում ներկայիս հայերենում: 

Ի՞նչ կրոն ունեն

Սկզբում համշենահայերը դավանում էին առաքելական քրիստոնեությունը: Բայց երբ 15-րդ դարում Փոքր Ասիան ընկավ թուրքական լծի տակ, որոշ համշենահայեր օսմանյան ճնշման ներքո դարձան իսլամի հետևորդներ՝ դառնալով այսպես կոչված հեմշիլներ: 

Ղուկաս Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

Ընդհանուր առմամբ աշխարհում կա ավելի քան մեկ միլիոն համշենահայ: Նրանց քրիստոնեական մեծամասնությունը ստիպված եղավ լքել Օսմանյան կայսրության սահմանները 19-20-րդ դարերում և այժմ ապրում է Կրասնոդարում (Սոչի), Աբխազիայում, Վրաստանում: Հեմշիլ-մուսուլմանները մնացին  Օկուպացված Արևմտյան Հայաստանում, որտեղ նրանք աստիճանաբար ենթարկվում էին մշակութային և լեզվական փոփոխման:

Շարունակելի․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան