700 տարի Համշենը որպես կիսանկախ հայկական իշխանություն պահպանում է իր գոյութունը, և տապալվում 1489թ. թուրքերի գրավումով: Վերջին Համշենի իշխանը Դավիթն է, ով պարտություն կրելով թուրքերից` հեռանում է Համշենից ու պատսպարվում Սպեր գավառում:
Ըստ Օսմանյան դավթարների` Համշենի գավառում մինչև 1620-ական թվերը ճնշող մեծամասնությունը քրիստոնյա էր: Այդ ժամանակներում քրիստոնյաները բավական ծանր հարկեր էին վճարում Կոստանդնուպոլսին: Միայն Համշենի գավառակը 1609-1610թ. հարկ է տվել 7090կգ մեղր և 2660 կգ մեղրամոմ: 1626-1627 թթ հարկերը հիսուն տոկոսով ավելանում են: Ամենայն հավանականությամբ համշեցիների մուսուլմանացման պատճառներից մեկը քրիստոնյաների վրա դրված ծանր հարկերն են եղել:
իսլամացման այդ գործընթացը կապվում է նաեւ հայ եկեղեցու առաջնորդարանի թուլացման հետ: 1630թ Համշենում գրված մի ձեռագիր հաղորդում է Եղնովիտի Խաչիքար (Խաչեքար/Խաչիկ հոր) վանքում եպիսկոպոսի բացակայության մասին: Այնուհետեւ, մինչեւ 1812 թ Համշենում ընդօրինակված ձեռագիր հայտնի չէ, որը ևս եկեղեցու թուլացման վկայությունն է:
Այդուհանդերձ, հակառակ իր թույլ վիճակին, Խաչիքարը գոյատևում է մինչև 1915 թվականը: Պոլսո Հայոց պատրիարքարանի 1913թ ցուցակներում այն գրանցված է որպես եկեղեցի, որի շնորհիվ էլ մինչեւ Մեծ եղեռն մոտակա Եղնովիտ/Էլեվիթ գյուղում հայեր ապրել են: Իսկ այսօր, Չամլըհեմշինի կենտրոնից 35 կմ դեպի լեռներ գտնվող այս գյուղում (ներկայումս՝ Յայլաքյոյ/Yaylaköy) ոչ հայի կհանդիպեք, ոչ էլ Խաչիքարի ավերակներ կգտնեք: