
Ջավախքի Ախալքալաք քաղաքում «Զորի Զորյան» կազմակերպության և Ջավախքի երիտասարդական միության անդամները երթ էին կազմակերպել՝ ի աջակցություն Արցախիա բնիկհայության։Ըստ տեղեկությունների «Զորի Զորյան» միության անդամները նամակ են հղել նաև Վրաստանի ԱԺ հայ պատգամավոր Սամվել Մանուկյանին։
Երթի մասնակիցները Ախալքալաքում հայկական ու վրացական դրոշներով, հայերեն ու վրացերեն՝ «Բացել Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Արցախ, շրջափակված 100 օր», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներով, երիտասարդական կենտրոնից շարժվեցին նախ դեպի քաղաքապետարան, այնուհետև՝ դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ:
Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Մանուկյանին ուղղված նամակում մասնավորապես գրված է.
«Արցախում հումանիտար աղետ է: Ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ գերտերությունները զբաղված են քաղաքական առևտրով, իրենց շահերից ելնելով, անգամ անտեսվում է Հաագայի միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը:
Ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, երբ Ադրբեջանն առհասարակ անտեսում է այս որոշումը, իսկ գերտերությունները և միջազգային կազմակերպությունները հրաժարվում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, խնդրում ենք Ձեզ, մեր երկրի՝ Վրաստանի կառավարության մոտ բարձրացնել վերոնշյալ խնդիրը, և հնարավորության սահմաններում, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունների և միջնորդության միջոցով կանխվի հումանիտար աղետը, ինչպես եղավ 2021թ.-ի հունիսին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, Բաքվի բանտերից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ»: