Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) տարածած հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Բերձորի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: 

Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Բերձորի ճանապարհի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը: 

Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Բաքվի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Իլհամ Ալիևի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում  ԵՄ հայտարարությունների միջոցով: