Մարտի 23-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա ընթացքում Բաքվի իշխանությունների կողմից մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումներին նշել է.«Շրջափակման հետևանքով միայն ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ է, որ ամեն անգամ Կարմիր խաչի հետ բանակցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանց տեղափոխել ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: Հատկապես այս ընթացքում պետք է անդրադառնանք նաև հիվանդանոցներում բուժօգնության կազմակերպմանը, որը գազամատակարարման, էլեկտամատակարարման խաթարումների հետևանքով շատ հաճախ կաթվածահար է լինում»:
Անդրադառնալով սննդի իրավունքին, նա համառոտ ներկայացրել է, որ Արցախի Հանրապետության բնակչությունը շարունակում է Կառավարության կողմից ներդրված կանոնակարգումների համաձայն՝ սահմանափակ ծավալով որոշ սննդատեսակներ ստանալ, սակայն նրանք ստիպված են շատ հաճախ կանգնել հերթերում, որոշակի սննդամթերք ձեռք բերելու համար: Շրջափակմանը զուգահեռ Բաքվի իշխանությոևնների կողմից պարբերաբար խաթարվել է գազամատակարարումը:
«Շրջափակման 100 օրերի ընթացքում մասնավոր հատվածի աշխատողների 50 տոկոսը՝ շուրջ 9800 մարդ, կորցրել է իր աշխատանքը, իսկ 782 տնտեսվարող սուբյեկտ՝ շուրջ 20 տոկոսը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Ջեռուցման հետ կապված խնդիրները տևական ժամանակ հանգեցրել են Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտումների:
Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս իրավիճակը բավականին բացասաբար է ազդում նաև երեխաների ուշադրության և ընկալունակության վրա՝ երկարաժամկետ կտրվածքով խաթարելով երեխաների զարգացման իրավունքի պատշաճ իրացումը: Ստեղծված հումանիտար ճգնաժամն առաջին հերթին հենց ամենալուրջ խնդիրները ստեղծում է խոցելի խմբերի համար՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, կանանց, աղջիկների և տեղահանված մեր ազգաբնակչության համար»,-եզրափակել է Գեղամ Ստեփանյանը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին տարբեր առիթներով և տարբեր ատյաններում՝ սկսած Ֆրանսիայի և Եվրոմիության պատգամավորների հետ հանդիպումներից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը: Տեղին է նշել, որ թուրք-ադրբեջանական գործելաոճը մնում է նույնը՝ նույն ցեղասպան և բռնազավթիչ քաղաքականությունն է, որը նրանք որդեգրել են դարեր շարունակ և անպատժելիության միջավայրում շարունակում են մինչ օրս:Սակայն ամեն ինչ վերջ ունի և մոտ է նաև հայատյաց տանդեմի վերջը: