Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Արցախը «խեղդելու» համար։
«2020 թվականի Արցախյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ոչ մի աջակցություն չստացավ, երբ օգնություն խնդրեց իր տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք, ինչպես նաև ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։