Դերսիմի մշակույթի և պատմության հիմնադրամը գրանցման համար իր հիմնարարար փաստաթուղթը 2019 թվականի դեկտեմբերին ներկայացրել էր դատարան։
Մեկ տարի անց Դերսիմի ( թուրքական անվանումը՝Թունջելի) առաջին ատյանի քաղաքացիական դատարանը սկանդալային որոշում է կայացրել հիմնադրամի կազմավորման կապակցությամբ, պատճառաբանելով, որ հիմնադրամի «Դերսիմ» անվանումը պաշտոնապես ընդունված չէ, որ հիմնադրամի դրույթներում ներառված են «Դերսիմի 1937-38 բանավոր պատմության նախագծի» շրջանակներում անցկացված հարցազրույցները հանրությանը ներկայացնելը, ինչպես նաև՝ ալևիների ծեսերի, աղոթքների և պատմական իրադարձությունների մասին վկայությունների ձայնագրությունները հրապարակելը: Դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ այս ամենը հակասում է Սահմանադրությանը, օրենքին, ազգային միասնության հիմնարար սկզբունքներին և հետաքրքրություններին:
Դերսիմի մշակույթի և պատմության հիմնադրամի փաստաբանները դիմել են Կարինի վերաքննիչ դատարան։ Երկար քննությունից հետո Կարինի դատարանը հիմնադրամի պնդումները հիմնավոր ճանաչեց և բեկանեց Դերսիմի 1-ին առաջին ատյանի քաղաքացիական դատարանի որոշումը։Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս որոշումը իրավական տեսանկյունից դրական է և հուսադրող։ Երեք տարուց ավելի է, ինչ մեր հիմնադրամի գործունեությունը ապօրինաբար կասեցվել է, սակայն այս որոշմամբ վերացվեցին մեր հիմնադրամի ստեղծմանն առնչվող իրավական խոչընդոտները։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր կողմնակիցների աջակցությամբ»։