Զարմանալի չէ, որ ադրբեջանական ահաբեկիչները, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած այսպես կոչված պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբրև թե զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին՝ պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանների և վիրավորեցին ևս մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բռնության այս նոր էսկալացիայի միջոցով ադրբեջանցի ահաբեկիչները շարունակում են իրենց էթնոսպան ծրագիրը բոլորի, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, ովքեր Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում իրենց դիրքից հետևում են իրավիճակին։