
Վերջին շրջանում մամուլում և նաև որոշ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում են Արևմտյան Հայաստանում ապրող համշենցիների ինքնության խնդիրները։ Արվում են զանազան մեկնաբանություններ՝ առանց հաշվի առնելու իսլամացման-թուրքացման քաղաքականության պատմական իրողությունը և դրանից բխող հետևանքները, ինչպես նաև հստակորեն չի տարբերակվում ինքնություն և ծագում հասկացությունները։
Դեռևս 18-րդ դարում բռնի իսլամացված համշենահայության սերունդներն այսօր ապրում են Ռիզեի նահանգի Չամլըհեմշին (հին անունը՝ Ստորին Վիչե Վիժե), Համշին (հին անունը՝ Համշեն), Փազար (հին անունը՝ Աթինա), Ֆընլդըքլը (հին անունը՝ Վիչե Վիժե), Արդաշեն (հին անունը՝ Արտաշեն), Չայլեի (հին անունը՝ Մավարի), Իքիզդերե (հին անունը՝ Քուրաի-ի Սեբա) գավառներում, որոնց մի մասում ընդգրկված է պատմական հայոց Համշեն գավառը։ Ժամանակի ընթացքում նրանց մի մասը տեղափոխվել է Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառները։ Համշենցիների գյուղեր կան նաև Կարինի, Սաքարիայի, Դուզջեի նահանգներում։ Նրանց կարելի է հանդիպել Արևմտյան Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում։ Իսկ ազգային դիմագիծը դիմադրության շնորհիվ քրիստոնեություն պահպանած հատվածը սփռվել է Սև ծովի հարավարևելյան, իսկ հետագայում՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ցեղասպանություն վերապրած համշենահայերի մեծ մասը հաստատվել է Սև ծովի հյուսիսարևելյան (ռուսական) ծովեզրյա շրջաններում, Հայաստանում` պահպանելով լեզուն, կրոնը, ազգային սովորությունները:
Օսմանյան կայսրության, հետագայում հանրապետական Թուրքիայի ձուլողական քաղաքականությունն ընթացել է մի քանի փուլերով, բռնի և տարաբնույթ համակարգված մեթոդներով, ինչպես նաև լեզվական ձուլման միջոցով: Չբավարարվելով կրոնափոխությամբ և հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը՝ օսմանյան և ներկայաիս իշխանությունները խիստ կարևորել են իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին թուրքախոս դարձնելը` ամբողջացնելով նրանց ձուլման գործընթացը: Այս իրողության մեջ իսլամացված համշենահայության սերունդները օսմանաթուրքական միջավայրում աստիճանաբար կորցրեցին հայկական ինքնության կարևոր բաղկացուցիչները՝ լեզուն (բացառություն են կազմում Խոփայի և Բորչկայի գավառների և Սաքարիայի նահանգի մի քանի գյուղերի համշենցիները), կրոնը, կտրվեցին հայկական մշակույթից և ամբողջովին տարրալուծվեցին թուրքական հասարակության մեջ՝ պահպանելով միայն իրենց տեղական ազգագրական, ինչպես իրենք են ասում, համշենական ինքնությունը։
Առհասարակ էթնիկական դիմադրողականության և ինքնապաշտպանության գլխավոր միջոցներից մեկը լեզուն է, որն արտահայտում ու պահպանում է ազգային յուրօրինակությունն ու սահմանները: Լեզվամտածողության, բառապաշարի, բանահյուսության մեջ են ամրագրվում ազգային ինքնության հատկանիշները, տվյալ էթնոսին բնորոշ բազմաթիվ առանձնահատկությունները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակույթը, ավանդույթները` կատարելով նաև էթնոտարբերակիչ դեր: Լեզուն և ազգային ինքնագիտակցությունը մշտապես գտնվել են սերտ կապի մեջ: Լեզուն ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորման, թերևս, ամենաորոշիչ գործոններից մեկն է:
Բազմազգ Օսմանյան կայսրության և ներկայիս թուրքական իշխող շրջանակները շատ լավ էին հասկանում, որ այլազգիների ձուլումը բավականին բարդ գործընթաց է, մանավանդ, որ տիրապետող ազգի և մյուսների միջև գոյություն ուներ, ժամանակակից էթնոհոգեբանության տերմինով ասած, «Էթնիկական անհամատեղելիություն»: Լեզուն կարող էր միշտ վառ պահել իր ենթակայության տակ հայտնված ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Ուստի՝ այս հանգամանքների վերացմամբ էր պայմանավորված այլազգիների նկատմամբ Օսմանյան կայսրության և հաջորդների որդեգրած ձուլման և ոչնչացման քաղաքականությունը:
Նման ճնշումների արդյունքում` հայերենի հաշվին համշենցիների միջավայրում ամրակայվեց թուրքախոսությունը: Թեև Արևմտյան Հյաստանում մնացած համշենահայությունը սկզբնական շրջանում առերես էր ընդունել իսլամ, ցավոք, ժամանակը, ինչպես նաև միջավայրը, թուրքական հետևողական ձուլման քաղաքականությունը, վախի և զանազան հալածանքների մթնոլորտը կատարել են իրենց դերը: Եվ այսօր նրանց մի մասի հայկական ինքնությունն արտահայտվում է ընդամենը գենետիկական ծագման մասին հիշողությամբ և մշակութային որոշ շերտերի պահպանմամբ:
Գերմանացի հեղինակ Մ. Հունբերը գրում է, որ «չի կարելի տիրանալ ինքնությանը, այն ինքնաբերաբար է առաջանում, բայց երբ արդեն ձեռք է բերվում, այն դեռ չի կարելի ապահով համարել: Մշտապես կա ինքնությունը օտարից պաշտպանելու կարիքն ու անհրաժեշտությունը»:
Թուրքական իշխանության այլազգիների ձուլողական քաղաքականությունն իրավականորեն ամրագրվում է 1924 թվականի առաջին սահմանադրության 88-րդ հոդվածով, որը 1982 թվականին դարձավ 66-րդ հոդվածը՝ «Ամեն ոք ով, Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք»։
2005թ. հոկտեմբերին Թուրքական պետության կառավարությունը քննարկեց և հաստատեց Անվտանգության խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգության քննարկման մասին փաստաթուղթը» որը դարձյալ ընդգծում է՝ թուրքական պետությունում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում «մեկ պետություն մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ լեզու դրույթները»։ Փաստաթղթում պահպանվում է թուրքական պետության յուրաքանչյուր քաղաքացուն «ազգությամբ թուրք» համարելու սկզբունքը։
2005 թ. նոյեմբերին վարչապետ Ռ. էրդողանն իր հայտարարության մեջ թեև ընդունում է, որ երկրում կան մոտ 30 էթնիկական խմբեր՝ «իրենց ներքին ինքնություններով», այդուհանդերձ չի հապաղում հիշեցնել, որ նրանք ունեն «վերին ինքնություն», այն է՝ թուրքական պետության քաղաքացիությունը։
Այսօր Օկուպացված Արևմտյան Հայաստանում ապրող քրիստնյա հայերի անձը հաստատող փաստաթղթում (Kimlik), որը տեղական կիրառության համար է, կրոնական պատկանելության դիմաց նշվում է՝ քրիստոնյա, իսկ անձնագրում ազգության դիմաց՝ թուրք, հայերն ունեն նաև 31 թվով համարակալված կոդ, ինչը համապատասխան ատյաններին հուշում է նրանց ազգային պատկանելությունը։
Իսկ իսլամացված համշենցիների ինքնությունը խճճելու ուղղությամբ մինչ այժմ էլ ակտիվորեն աշխատանքներ են տարվում։ Հրատարակվում են ապագիտական գրքեր (նրանց մեջ կան համշենցի հեղինակներ)՝ համշենցիների հայկական ծագումը և առհասարակ Համշենում հայկականության մնացած հետքերը մերժելու նպատակով։
Որպես հետաքրքիր փաստ նշենք, որ Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառների համշենցիները կարողացել են թուրքական այդ մեծ օվկիանոսում պահպանել հայերենի` Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը և դեռ գործածում են իրենց առօրյա խոսակցականում։ Այսօր Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների թիվը՝ մոտավորապես 25-30,000 է։ Սակայն երիտասարդ սերունդն արդեն մոռանում կամ չի գործածում իր տեղական խոսվածքը և առավել մեծ տեղ է տալիս թուրքերենին։ Միաժամանակ նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառությամբ մի քանի մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպյան տառերը։ Շնորհիվ հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքի պահպանման՝ այս շրջանների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Չնայած թուրքական քարոզչությանը, նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց խոսակցական լեզուն թուրքերեն չէ։ Առհասարակ, Խոփայի և Բորչկայի գավառներում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում՝ սեփական տեսակը, ազգագրական նկարագիրը պահպանելու համար։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խոսել, կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)։ Խոփայի համշենցիների մի մասն էլ ընդգծում է, որ տեղյակ է իր հայկական ծագման մասին, գիտի, որ ժամանակին հայ ժողովրդի մաս է կազմել, հայկական մշակույթի կրող է եղել, սակայն ժամանակի ընթացքում կտրվել է կապը և իրենց ոչ հայ, ոչ էլ թուրք են համարում, այլ` համշենցի։
Կարծում ենք, որ ինքնության նման ընկալումը կարող է մոդել լինել թուրքական իրականության մեջ սեփական տեսակը պահպանելու և այս միջավայրին հարմարվելու համար, սակայն պետք է ոչ միայն գիտակցել հայկական իրականությունը, այլև ամրապնդել այն։
Western Armenia TV-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան