Կարպետագործությունը հայ ժողովրդի հնագույն ու սիրված արհեստներից է: Այն իր ուրույն տեղն է գրավել մշակույթի համընդհանուր գանձարանում: Վաղնջական ժամանակներից Արևմտյան Հայաստանում կարպետը զարդարել է բնակարաններն ու եկեղեցիները, ցրտից պաշտպանել է մարդկանց և գործածվել որպես հանդերձանք: Կարպետները ունեցել են տարբեր անուններ՝ Կարին, Չմշկածագ, Վարանդա, Արմանի, Վիշապակարպետ և բազամաթիվ այլ անուններ, որոնք հիմնականում խարհրդանշում են այս կամ այն հայկական բնակավայրը:
Հայերենը, լինելով հարուստ լեզու, ունեցել է գորգ բառի բազմաթիվ հոմանիշներ, որոնք են՝ խալի, կարպետ, օթոց տապաստակ, բազմական և այլն։ Կարպետի զարդանկարներն իրենց բովանդակությամբ առանչվում են հայկական կիրառական արվետի այլ ճյուղերի հետ: Հին կարպետներ չեն պահպանվել, բայց նրանց բազմաթիվ զարդանկարները կարելի է նկատել քարե հուշարձանների, խաչքարերի վրա: Հայկական կարպետի զարդանախշերը երկրաչափական, կենդանական և բուսական են: Կարպետագործության տեխնիկային ավելի բնորոշ է երկրաչափական զարդանախշը: Ամենապարզ ու տարածված զարդանախշը եռանկյունն է: Խաչը հայ մշակույթի բազմաբնույթ ստեղծագործություններում լայն տարածում ստացած զարդանախշ է: Իհարկե, նախնական ձևը հավասարաթև խաչի պատկերն է եղել: Այն տիպական էր հայկական մշակույթի զանազան բնագավառներում իբրև խորհրդանիշ՝ աշխարհի նյութականությունը կազմող չորս տարրերի՝ օդի, ջրի, հողի, կրակի: Այս զարդանախշն ուսումնասիրողների մի խումբ խաչը դիտարկում է որպես արևի խորհրդանիշ: