ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբարանադաշտում:

Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ,  ուշբրոնզե­դարյան ա­ռարկա­ներ։ Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։

Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։