Van_Heroes

 

Վանը 20-րդ դարասկզբին՝ ողջ հայության համար սրբազան բնօրրան էր համարվում, որտեղ մոտ 3 հազար տարի անընդմեջ բնակվել ու արարել էր Հայը: Ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության բոլոր կանոններով՝ հենց այստեղ պետք է ծլարձակեր հայոց նորաստեղծ պետականության ապագա պտղաբեր ծառը: Այս նկարում անկախ Վանի գաղափարախոսներն ու պաշտպաններն են. ձախից աջ՝ Տիգրան Կողբեցի, Վանա Իշխան (Նիկոլ Պողոսյան), Արամ Մանուկյան, Մալխաս (Արտաշես Հովսեփյան), Սալման (Համբարձում Բաղեշցյան), ներքևում՝ Վանա Սարգիս (Բարսեղյան): Նրանք երիտասարդ էին ու լի ավյունով, անկեղծ ու նվիրված, բայց ցավոք, ռուսական կայսերական հաշվարկներն ու նպատակները չհամընկան իրենց ազնիվ գաղափարների հետ, ավելին՝ ռուսական այդ կայսերական հաշվարկներն ու նպատակները մեծ դժբախտություն բերեցին հայ ժողորդին: Թերևս հիմա, 100 տարի անց միայն, մենք կարող ենք սթափ նայել մեր անցյալին, և հայացքներս ուղղելով դեպի ապագան՝ վերջապես իրատեսորեն գնահատել այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ մեկ դար առաջ:

1914-ին եկել էր պահը, և հայությունը, չունենալով պետականություն, բայց բավականին կազմակերպված ուժ ներկայացնելով ողջ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, գուցեև պարտադրված որոշեց գնալ այդ քայլի՝ կամավորական ջոկատներով մասնակցել 1-ին աշխարհամարտին ռուսական զորքերի կազմում: Նիկոլայ 2-րդ ցարը 1914-ի սեպտեմբերին հայությանը ուղղված կոչում ասում էր. «Հայեր, հինգդարյա բռնապետական լծից հետո, որի տակ տանջվում էին ձեր հայրենակիցները, և հիմա, երբ էլ ավելի դաժան կտտանքների են ենթարկվում նրանք՝ վերջապես ազատության ժամը եկել է ձեզ համար: Ձեր դարավոր հավատարմությունը՝ մեզ համար այն գրավականն է, որ այս հանդիսավոր օրերին դուք համոզված ու պատրաստ եք անսասան հավատով իրականացնել ձեր բոլոր պարտականությունները՝ մեր զորքերի վերջնական հաջողության հասնելու գործում: Հայեր, ցարի իշխանության ներքո միավորվելով ձեր արյունակից եղբայների (արևմտյահայերի) հետ, վերջապես, դուք կճաշակեք ազատության և արդարադատության քաղցրությունը»:

Թե ինչ գին պետք է ունենային այդ խոսքերը հայերի համար՝ հիմա արդեն գիտենք բոլորս: Չափից ավելի ծանր էր հակառակ կողմում դրված նժարը՝ Արևմտյան Հայաստանի հայության անվտանգությունը: Իսկ երբ եկավ արդեն ճշմարության պահը և Վանի հայկական նահանգը փաստացի արդեն անկախ էր 1915-ի մայիսին՝ ռուսները շատ արագ հասկացան իրավիճակի ողջ լրջությունն իրենց իսկ համար, այսինքն այն, որ հայերն արդեն ուղիղ ճանապարհով գնում են դեպի անկախություն: Առանց վարանելու, նրանք ուղղակի շուտափույթ կերպով դուրս բերեցին իրենց զորքը Վանից՝ անպաշտպան թողնելով խաղաղ հայ բնակչությանը: Իսկ մինչ այդ ազատագրված Վանում ամեն ինչ արդեն քիչ-քիչ կերպարանափոխվում էր: Մարտիկները զենքը վայր էին դրել ու շինարարական գործիքները ձեռքն առած՝ վերաշինում էին պատերազմից վնասված քաղաքը, բոլորը լծվել էին իրենց հայրենիքը շենացնելու գործին: Ռուսական զորքի անսպասելի նահանջի գույժը եկավ հուլիսի 14-ին: Վանի պաշտպանները միաձայն վճռեցին, որ համատարած գաղթ չի լինի: Որոշվեց կանանց, ծերերին ու երեխաներին դուրս բերել քաղաքից, իսկ տղամարդիկ պետք է խմբեր կազմեին՝ հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար:

Նույն օրը Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը ռուսական զորքերի գեներալ Նիկոլաևին հետևյալ գրությունն ուղարկեց. «Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք. 1. մեզ թողնել բավական ռազմամթերք, 2. մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, 3. ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»: Պատասխանը մխիթարիչ չէր: Բացի այն, որ Նիկոլաևը հայտնել էր Վանից հեռանալու մասին, տեղեկացրել էր նաև, որ ռուսական զորքը վանեցիներին զենք տրամադրել չի կարող: Արամն ու պաշտպանության ղեկավար կազմը այս լուրից հետո փոխեցին մտադրությունը, եւ որոշվեց կազմակերպել Վանի հայության գաղթը: Հուլիսի 18-ին հայտարարվեց գաղթը սկսելու մասին: Գաղթը տևեց 3 շաբաթ, գաղթեց 300 հազարից ավելի մարդ: Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Օզանյանն անվանեցին ռուսական զորքի այդ անսպասելի ետնահանջը Վանից՝ «մեծագույն դավաճանական քայլ հայ ժողովրդի նկատմամբ»:

Այդ հետո պարզ դարձավ ռուսների իրական նպատակները Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ: Վանից դուրս գալուց հետո՝ 1915-ի օգոստոսից ռուսական զորքը ուղղակի դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները, մինչև որ 1916թ. ձմռան և գարնան ընթացքում գրավեց ողջ Արևմտյան Հայաստանը, բայց այնտեղ արդեն այլևս հայեր չկային: Իսկ արդեն 1916-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովը հայտարարում էր. «Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Իսկ թուրքերի պատժիչ գործողություններից հետո՝ թվային հարաբերությունն էլ ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի (Արևմտյան Հայաստանի) բնակչության 25 %-ը: Այս պայմաններում հայերին ինքնավարություն տալը իրապես անարդար հետևանք կունենա, եւ չի կարելի որևիցե կերպ թույլ տալ, որ նրանք (հայերը) ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:

 

Link →