Բաքվի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ հիշեցնում ենք.
Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Բաքվի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված Բաքվի կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Բաքվի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Բաքվի ահաբեկչական իշխանությունների դաժան պահվածքին և այն փաստին, որ նրանք չեն հարգում բոլոր միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները, ինչը խոչընդոտ է հանդիսանում նրանց ծրագրերի իրականացման համար։ Ժամանակն անցնում է, և քաղաքական շահերի բախումը թելադրում է տարբեր կանոններ, որոնք պատասխանատվության կենթարկեն Բաքվի ահաբեկչական իշխանություններին իրենց կատարած հանցագործությունների համար։