
Ովքեր են Արևմտյան Հայաստանում բնակվող հայ բոշաները՝ լոմերը, ինչ ինքնության կրողներն են։ Խոսո՞ւմ են արդյոք իրենց՝ հայերենին նմանվող լեզվով, թե՞ այն սոսկ գաղտնալեզու է, ինչո՞ւ են վախենում Օկուպացված Արևմտյան Հայաստանում իրենց հայկական ծագում վերագրելուց, ի՞նչ վերաբերմունքի են արժանանում մահմեդական լոմերը համշենցիների ու լազերի կողմից։ Այս հարցերի պատասխանը փորձել ենք տալ ՝ «Հայկական ինքնություն․ Բոշաներ-Լոմեր» շարքով։
Քանի որ Բարձր Հայքի բարբառով բոշա են կոչվել միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հայախոս գնչուները, իսկ Օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող գրեթե բոլոր բոշաներն այլևս իսլամացված են, մեր ուսումնասիրության մեջ նրանց պայմանականորեն կանվանենք ոչ թե հայ-բոշաներ, այլ` բոշաներ կամ լոմեր:
Ովքե՞ր են բոշաները կամ լոմերը
Ժամանակին Կարինի բարբառով բոշա է անվանվել գնչուների այն ցեղը, որի ներկայացուցիչները հաղորդակցվել են հայերենով և դավանել Հայ առաքելական եկեղեցու հավատքը: Նրանք իրենց հիմնական արհեստի` մաղագործության պատճառով երբեմն անվանվել են նաև մաղագործներ կամ «մաղագործ հայք»:
Սույն թեմայի վերաբերյալ 1890-ական թթ. Թիֆլիսում տպագրվող «Մուրճ» ամսագրում հոդվածաշար հրապարակած Գրիգոր Վանցյանի կարծիքով` բոշաները ցեղակից են գնչուներին և նրանց ծագումը նույնն է, ինչ` համայն աշխարհի գնչուներինը, այսինքն` հնդարիական: Ըստ որոշ լեզվաբանական և մարդաբանական հետազոտությունների` ընդհանրապես գնչուների հայրենիքը եղել է Հնդկաստանը: Վրթանես Փափազյանի կարծիքով` նրանք մոտավորապես Ք.ա. 1000 թ. թողել են Հնդկաստանը և երկու մեծ ճյուղերով մտել Ասիա: Հայտնի է, որ գնչուները տևական ժամանակ մնացել են նաև Իրանում: Պարսից աշխարհում գնչուներին անվանել են «լուրի», «միթրիփ», «քարաչի» և այլ բառերով, իսկ «բոշա» անունը նրանց տվել են հայերը: Հետազատողները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել բոշա անվան ՛ինչպես նաև նրանց ծագման հարցի շուրջ: Հայոց լեզվում ցիգան բառի համարժեքը հնուց ի վեր գնչուն է եղել, իսկ բոշա բառն սկսել է գործածվել հետագայում` 19-րդ դարում: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի` բոշա անվանումը պետք է դասել բնաձայնական կամ հնչաիմաստային ծագման անունների շարքին. «Ըստ երեւոյթին, հայի ականջին խորթ է հնչել Հայաստան մուտք գործած գնչուների լեզուում բ եւ շ հնչիւնների յաճախակի եւ միաժամանակեայ արտաբերումը, որի հետեւանքով էլ վերջիններիս սկսել են տալ բոշայ անունը»: Իրենք` բոշաներն, իրենց անվանում են լոմ, որը թերևս ծագում է դոմբա անվանումից, քանի որ նրանք սերում են հնդկական դոմբա կոչվող ցեղային-կաստայական հանրույթից:
Սյունիքը, Վասպուրականը և Ատրպատականը մեր պատմական հայրենիքի այն նահանգներն են, որտեղ ամենայն հավանականությամբ առաջին անգամ ոտք են դրել գնչուները: Բոշաների գաղտնալեզվում կամ խառնալեզվում` բոշայերենում կամ լոմավրենում, բացի հայերեն բառերից, առկա են նաև մեծ թվով պարսկերեն բառեր, որոնք ապացուցում են, որ նրանք Հայաստան են մտել մասամբ Պարսկաստանից, մասամբ էլ` Միջագետքից: Բոշաները 19-րդ դարի վերջերին կենտրոնացած են եղել Արևմտյան Հայաստանի նահանգներում, առավելապես` Սեբաստիայում, իսկ բոշաների երկրորդ հատվածը, որն ապրում էր Միջագետքում և հավանաբար Լենկ Թեմուրի արշավանքներից հետո, Եփրատի ուղղությամբ բարձրացել է դեպի Բարձր Հայք` Էրզրում, ապա տարածվել Օլթիում, Կարսում և Տրապիզոնում, իսկ 1828 թ.` Ալեքսանդրապոլում և Ջավախքում:
Ըստ հայ ազգագրագետների ուսումնասիրությունների` ներկայում Հայաստանի և Ջավախքի տարածքներում բնակվող բոշաներն իրենց այլևս հիմնականում հայ են համարում և չեն ցանկանում, որ իրենց առանձնացնեն տեղի հայերից:
Ինչպես 19-րդ դարի վերջերին նկատում է Գ. Վանցյանը, եթե բոշաների բնակավայրերը միացնենք մի ընդհանուր գծով, կստանանք մի զուգահեռագիծ` Սև ծովի հարավային ափերի հետ: Իսկ Արևմտյան Հայաստանում՝ մեր տվյալներով, բոշաներ են բնակվում Արդվին նահանգի Շավշաթ, Արհավի, Խոփա, Արդանուջ, Յուսուֆելի և Բորչկա գավառներում, Ռիզե նահանգի Արդեշեն գավառում, Տրապիզոնում, Սամսոնում, նաև` Չանքըրըում, Թոքաթում, Կարինի Օլթու և Օլուր գավառներում, Կարսում, Արդահանում, Սեբաստիայում, Բաբերդում, Երզնկայում և այլուր:
Բոշաների բնակավայր Շավշաթում
Ներկայիս Օկուպացված Արևմտյան Հայաստանի սահմաններում բնակվող գնչուները բաժանվում են 3 հիմնական խմբերի` ռոմեր, դոմեր և լոմեր: Ինչպես նշում է պրոֆեսոր Սուաթ Քոլուքըրըքը, ի տարբերություն ռոմ և դոմ խմբերի, որոնք բավականին լավ են կարողացել պահպանել իրենց լեզուները` համապատասխանաբար ռոմանին և դոմանին, լոմ խմբի գնչուները, այսինքն` բոշաները սկսել են կորցնել իրենց լեզուն: Նա նաև ընդգծում է, որ լոմերը Արևմտյան Հյաստանի գնչուների մյուս խմբերի հետ համեմատ, ավելի շատ են հակված թաքցնելու իրենց ծագումը: Դրա պատճառներից մեկը, ըստ նրա, նրանց` հայ համարվելու մտավախությունն է:
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան