Կիպրոսը տարագիր հայերի կրթական կենտրոններից մեկն է: Այստեղ առաջին հայկական դպրոցը բացվել է 1870 թվականին՝ Նիկոզիայում։ 1886 թվականից գործել են Վարդանանց և Շուշանյան տարրական դպրոցները։ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո հիմնադրվել են բազմաթիվ նոր դպրոցներ։ 1924 թվականին Նիկոզիայում հիմնվել է տարագրության հայտնի կրթօջախներից մեկը՝ Մելգոնյան կրթական հաստատությունը. 1940 թվականից՝ բարձրագույն երկրորդ, վարժարան՝ ճեմարանական, առևտրական և գիտական բաժիններով։ Դասավանդվել է հայոց լեզու, հայ գրականություն, գրաբար, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, օտար լեզուներ։ Դասավանդման հիմնական լեզուն անգլերեն էր։ Հրատարակել է «Այգ» և «Ցոլք» պարբերականները, 1998 թվականից՝ «Հայացք» ամսաթերթը։ 2007 թվականին փակվել է։
1972 թվականից Կիպրոսի Նիկոզիա, Լառնակա, Լիմասոլ քաղաքներում գործում են «Նարեկ» ազգային միջնակարգ վարժարանները (մինչև 2007 թվականը՝ նախակրթարաններ), որոնք ղեկավարում է ընդհանուր տնօրինությունը։ Կրթօջախների ուսումնական ծրագրերում մեծ տեղ է հատկացվում ազգային դաստիարակությանը, հայագիտական առարկաներին։