Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվի իշխանությունների կողմից գերության մեջ պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,– ասաց նա։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Բաքվի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով:
ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։ Հիշեցնենք` Բաքվի իշխանություններն այս պահին հաստատում են 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` Բաքվի իշխանությունների կողմից գերության մեջ պահվում է 80 անձ։