Դերսիմի արևիների հավատքի համաձայն՝ մարտ ամսվա առաջին երեք չորեքշաբթիները կոչվում են «սև չորեքշաբթի» և հատուկ իմաստ են կրում։ Դարերով շարունակվող այս ավանդույթը գարնան գալուստն է ազդարարում։ Այս օրերին արևիներն իրենց տներում ու սրբավայրերում մոմ են վառում, մատաղ անում և ծիսական քաղցրավենիք են բաժանում։ Այս ծեսերով դերսիմցի արևիները ցանկանում են, որ տարին բարի լինի, չար ուժերը՝ վտարվեն։
Բազմաթիվ արևիներ մարտի 29-ին՝ վերջին «սև չորեքշաբթի» օրը, հավաքվել էին Դերսիմի Փյուլումուր և Մնձուր գետերի միախառնման տեղում, իրենց խոսքով՝ Գոլա Չեթու կոչվող սրբավայրում, ուր մոմեր վառեցին և տոնական քաղցրավենիք բաժանեցին հավաքվածներին։
Արևի քաղաքացիներից մեկն այսպես ներկայացրեց. «Մարտ ամսվա չորեքշաբթի օրերը գալիս ենք այս սրբավայրը՝ աղոթելու։ Մարտի չորրորդ շաբաթում բնությունն արթնանում է, եղանակը տաքանում, որն էլ խորհրդանշում է գարնան մուտքը։ Արևի հավատացյալները գալիս են այստեղ վառելու իրենց կանթեղներն ու մոմերը, աղոթելու, մատաղ անելու, Աստծուն շնորհակալություն հայտնելու և երկրպագելու համար։ Այստեղ երկու գետի ջրերը խառնվում են իրար։ Իհարկե, նախկինում այս վայրը ավելի գեղեցիկ էր։ Հետո ջրամբարներ կառուցեցին և հոսող ջուրը վերածվեց լճակի»։
Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստատեսությունն արդեն ավանդույթ է դարձրել հեղինակային հոդվածաշարով (Աշխեն Վիրաբյան) լուսաբանել Արևմտյան Հայաստանում ապրող բնիկ էթնոսների ծագումնաբանությունն ու ձուլման վտանգների հետ կապված հարցերը:Դերսիմի արևիների «սև չորեքշաբթի»-ի ավանդույթը խոսում է այն մասին, որ նրանք էթնիկ հայեր են , ովքեր անկախ այն բանից, որ բռնի մուսուլմանացվել են, միևնույնն է պահպանում են նախնիների հայկական սովորությունները: Այս ավանդույթն իր արմատներով հասնում է նախաքրիստոնեական շրջան, երբ բոլոր հայերն արևի էին և մարտի վերջին տոնում էին բնության զարթոնքը, որը քրիստոնեությունից հետո համընկավ Սուրբ Զատկի տոնակատարության Ճրագալույսի արարողության հետ: Հաջորդ ավանդույթներին կանդրադառնանք ըստ տոնացույցի: