
Բոշաների-Լոմերի ներկայիս զբաղմունքները և նյութական վիճակը Արևմտյան Հայաստանում
Ինչպես հայտնի է, նախկինում բոշա տղամարդկանց հիմնական զբաղմունքը եղել է մաղագործությունը: Բոշա կանայք ակտիվ դեր են ունեցել ընտանիքը նյութապես ապահովելու գործում. նրանք նախկինում տնետուն շրջելով` վաճառում էին իրենց ամուսինների պատրաստած մաղերը և այլ մանր ապրանքներ կամ ուղղակի որևէ բան խնդրում տանտերերից: Իսկ ի՞նչ մասնագիտություններ ունեն այժմյան բոշաները Արևմտյան Հայաստանում:
Lom-Der միության հիմնադիրներից մեկը իր միկրոբլոգում պատմել է , որ Արդվին նահանգի տարածքում բնակվող բոշաները հիմնականում ընդգրկված են ենթակառուցվածքային մարմիններում, աշխատում են թեյի գործարաններում, նաև` մասնավոր հատվածում: Կան մասնագիտությամբ ոստիկան, ուսուցիչ և կոշկակար լոմեր: Այստեղ հատկապես մեծ թիվ են կազմում ուսուցիչները, օրինակ` միայն Արդանուջ գավառում 40-ից ավելի բոշա ուսուցիչ է աշխատում: Բայց և այնպես, նրա խոսքով, Թուրքական կառավարությունում թե’ պետական և թե’ մասնավոր ոլորտներում աշխատանքի ընդունելիս, այլընտրանք ունենալու դեպքում, նախապատվություն կտան ոչ թե լոմերին, այլ` ուրիշ էթնիկ խմբերի պատկանող անձանց` անկախ նրանց մասնագիտական ունակություններից: Բոշաների մասին բանաստեղծությունների հեղինակ Հյուսեին Գեզերի կարծիքով` բոշա կանայք ներկայում նախընտրում են ուսուցչի, բուժքրոջ, հավաքարարի և այլ մասնագիտություններ:
Արդվինի լոմերի մեծ մասն աշխատում է քաղաքապետարաններում, որտեղ նրանք հիմնականում զբաղվում են ծանր գործերով, նաև` հավաքարարությամբ, սանհանգույցի հետ կապված աշխատանքներով, քանի որ լազերն ու համշենցիներն իրենց պատվից ցածր են համարում նմանատիպ գործերը:
Շավշաթ գավառից թոշակառու Դելիլ Էրեմջիի` 2016-ին Պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ զրույցում ասել է, որ բոշաների նյութական վիճակը լավ չէ օկուպացված Արևմտյան Հայաստանը: Ըստ նրա` կարելի է ասել, որ իրենք Արդվին շրջանում, այդ առումով, 5-րդ տեղում են:
Շավշաթ գավառից և Շահբազ տոհմից սերող 62-ամյա Ռահմի Դուրմուշը զրույցում նշել էր, թե մինչև Իսմեթ Ինոնյուի կառավարման տարիներ (1938-1950 թթ.) Օկուպացված Արևմտյան Հայաստանում ընդհանրապես հողատարածք չեն տվել բոշաներին: Ըստ նրա` թեև Թուրքական երկրորդ նախագահի օրոք նրանց որոշ հողատարածքներ տրվել են` որպես սեփականություն, սակայն լոմերը վախից տեր չեն կագնել այդ հողերին: Նա նաև ընդգծել էր, որ ներկայում Արդաշենում բնակվող 1500 բոշաներից միայն 2 տոկոսը հողատարածք ունի այստեղ, իսկ մյուսներն ապրում են վարձու բնակարաններում: Ռահմի Դուրմուշը շեշտել էր, որ իր ներկայիս բնակավայրում` Արդաշենում, սեփական գերեզմանոցներ կառուցելու համար անգամ հատուկ տարածք չեն տրամադրում բոշաներին: Սևծովյան շրջանի բազմաթիվ բնակավայրերի թաղապետերը ևս դեմ են հանդես գալիս նրանց` գերեզմանոցների համար տարածք տրամադրելու հարցին: Քաղաքապետարանները նրանց թույլ են տալիս իրենց հանգուցյալներին թաղել միայն Շավշաթում և Արդանուջում: Դա հաստատել է նաև Խոփայում բնակվող 42-ամյա բոշա Քեմալ Քարաթաշը, Արդաշենի քաղաքապետարանը լոմերին թույլ չի տալիս, որ նույնիսկ այստեղ գրանցում ունեցած իրենց հանգուցյալներին թաղեն Արդաշենում և նման դեպքերում ստիպում է հանգուցյալի ազգականներին, որ թաղումը կատարեն Շավշաթում կամ Արդանուջում:
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան, Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան