
30 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քարվաճառի ուղղությամբ:
1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում: Ադրբեջանական Բերձոր-քարվաճառյան խմբավորումը հյուսիսարևմտյան և հարավարևելյան ուղղություններից սկսեց թիկունքային հուժկու հարձակողական գործողություններ ծավալել Մարտակերտի և Բերձորի շրջաններում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության առջև խնդիր դրվեց վնասազերծելու Քարվաճառի և Բերձորի տեղակայված կրակակետերն ու ջախջախելու Բերձոր-քարվաճառ խմբավորումը: Քարվաճառ ռազմական գործողությունը թելադրված էր Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող արցախյան ինքնապաշտպանական ուժերի թիկունքն ապահովելու նկատառումով:
Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը գիտակցում էր ձեռնարկվող ռազմական գործողության բարդությունը: Այստեղ ամեն ինչ դրվում էր զոհասեղանին. Պահանջվում էր ուժերի գերլարում, բարձր կարգապահություն, ռազմավարության հմտության և ինքնազոհության պատրաստակամություն: Մարտակերտում փոքրաթիվ ուժերով, բայց արդյունավետ պաշտպանություն կազմակերպելուց հետո, հայկական ուժերը 1993թ. մարտի 27-ին, կանխարգելիչ հարվածներից և հրետանային նախապատրաստությունից հետո ձեռնարկեցին Քարվաճառի շրջանի հենակետերի վնասազերծման և Բերձորի շրջանի՝ հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքների ազատագրման ռազմական գործողությունը մի քանի ուղղություններով. Հյուսիսային՝ Օմարի ուղղությամբ հարձակումներն իրականացնում էին Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ գործող Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակները:
Ապրիլի 5-ին արդեն ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինված ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով ավարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտություն էր Արցախի հյուսիսի անվտանգությունն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու և ադրբեջանական կրակակետերը լռեցնելու գործողությունը ընթացավ մարտի 27-ից ապրիլի 1-ը:
Ապրիլի 1-ին՝ ազատամարտիկներ Արմենակ Աբրահամյանի, Հովսեփ Հովսեփյանի, Վոլոդիա Ավետիսյանի, Սարգիս Կարապետյանի, Միշա Թադեւոսյանի, Յոզէֆ Ներսիսյանի, Վիգեն Աբրահամյանի եւ այլոց շնորհիվ ազատագրվեց Քարվաճառը։
Ազատագրման այդ օրերից տպավորիչ մի փոքրիկ պատմություն կա , որը ներկայացնում ենք ստորև․
Քարվաճառում ադրբեջանցիները մտել էին մի ընտանիք և ասել էին, որ հայերը գալիս են պետք է հեռանաք: Տան տերը, ունենալով տարեց ծնողներ, ասել էր՝ «չենք կարող, որովհետև ծնողներս մեծ են ու լեռնանցքը չեն կարողանա անցնել, կմահանան: Հակաճառելու համար սկզբից ծնողներին էին գնդակահարել, հետո տան տիրոջը: Երբ որ տան աղջիկը փորձել էր օգնություն կանչել, գոռալ, կրակել էին նաև աղջկան: Մի կուրծքը ամբողջությամբ պոկվել էր, մյուսը վիրավորվել: Հայկական ջոկատի բժիշկը՝ Գագիկ Քոչինյանը նրան վիրակապել է ու ուղղաթիռով նրան հասցրել Վարդենիս: Նա բավական երկար ժամանակ մոր հետ ապրել է Հայաստանում, հետո գնաց Ռուսաստան: Աղջկա կյանքը փրկվեց։
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան