
Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածաշարերում , դեռևս միջնադարում գնչու-բոշաները շատ արագ սկսել էին հարմարվել հայկական միջավայրին, դարձել գերազանցապես հայախոս ու քրիստոնյա, աստիճանաբար, բնականորեն և ինքնակամ ներառվել հայ ժողովրդի կազմում։ 19-րդ դարում արդեն բոլոր հայ հետազոտողները այս յուրահատուկ համայնքը նկարագրելիս օգտագործում են «հայ-բոշաներ» անվանաձևը՝ շեշտելով փաստացի հայերի մի մասը կազմելու հանգամանքը։ Բոլոր փաստերը վկայում են, որ հայ բոշաները լայն առումով հայկական ինքնության կրողներ էին և իրենց ազգային պատկանելության մասին հարցին հակիրճ պատասխանում էին՝ «հայ եմ»։ Ըստ Գր․ Վանցյանի՝ ծագումով բոշաներ էին հայ մանկավարժ, բանաստեղծ Հարություն Ալամդարյանը և նրա քրոջորդին՝ ուրեմն մոր կողմից հայ-բոշա՝ նշանավոր հայ լեզվաբան ու արևելագետ Քերովբե Պատկանյանը :
Մյուս կողմից սակայն, հայ-բոշաները զգալիորեն առանձնանում էին «սովորական» հայերից, շարունակում էին ապրել բացառիկ ինքնաբավ, փակ ներհամայնքային հարաբերություններով՝ թեև կիսաթափառականի պարզ ու հասարակ, թեթև կենսակերպով։ Ձմեռն անցկացնում էին հայերից վարձած խրճիթներում, գարնանից սկսած՝ կարող էին անցնել շրջանից շրջան։ Հարկ է նշել, որ հայ-բոշաների ու հայերի միջև խառն ամուսնություններ գործնականում չէին լինում։ Ուշագրավ է նաև, որ համարվելով հայ քրիստոնյա և մկրտվելով բոլոր հայերի պես՝ բոշաներն իրականում անտարբեր էին կրոնական հարցերի ու ծեսերի հանդեպ։ Կրթության հանդեպ սեր չունեին և երեխաներին դպրոց հազվադեպ էին ուղարկում։ Ի դեպ, հայ բոշաները հայտնի էին բացառիկ օրինապահությամբ ու խաղաղասիրությամբ։ Ըստ Գր․ Վանցյանի՝ քրեական գործով որևէ բոշայի դատապարտման ոչ մի դեպք հայտնի չէր։
Հայ-բոշաների զբաղմունքը շատ կոնկրետ էր՝ տղամարդիկ պատրաստում էին ալյուրի մաղեր, երբեմն նաև կենցաղային մի քանի այլ մանր-մունր իրեր կամ երեխաների համար փայտյա խաղալիքներ, կային նաև ձիերի պայտառներ, էշերի ու ձիերի անասնաբույժներ, ինչպես նաև լավ երաժիշտներ, զվարճախոս բանասացներ ու հեքիաթասացներ, որ շրջում էին գյուղեգյուղ ու մասնակցում հայերի հանդիսություններին։ Սակայն տղամարդիկ հիմնականում մնում էին տանը, մաղեր պատրաստում և խնամում երեխաներին։ Բոշաների ընտանիքի սյունը և տան ապրուստի հիմնական վաստակողը կինն էր։
Հենց բոշա կանանց շրջմոլիկության հետևանքով էլ «բոշա» բառը ածականաբար կիրառվելիս հայերենում ձեռք է բերել «թափառաշրջիկ, աներես մուրացիկ, ուզվոր, թափթփված, փնթի» իմաստը, այդ պատճառով էլ բոշաներն իրենք խուսափում են այդ անվանումից՝ այն արհամարհական ու ծաղրական համարելով։ Ինչ վերաբերում է հայ-բոշաների լեզվին, որն իրենք անվանում են լոմավրեն (լոմ + հայերեն (ե)րեն ածանցը), դարերի ընթացքում շատ հետաքրքիր տեսք է ստացել՝ հնդիրանական ծագման բառապաշարով (արդեն 19-րդ դարում պահպանվել էր հազիվ 500-600 բնիկ գնչուական բառ) և հայերեն քերականությամբ։ 19-րդ դարում արդեն բոշաների զգալի մասը լոմավրեն լեզուն գրեթե չգիտեր, և այն գերազանցապես հայախոս դարձած բոշաների համար ձեռք էր բերել գաղտնալեզվի կարգավիճակ՝ կիրառվելով հիմնականում փակ հաղորդակցության նպատակներով։
1915-ի Հայերի դեմ իրականացված ջարդերից հետո ՝ Արևմտյան Հայաստանի բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Խորհրդային Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։
20-րդ դարի ընթացքում հայ-բոշաների կենսակերպը զգալի փոփոխությունների ենթարկվեց՝ ժամանակի ընթացքում նրանք գործնականում անցան նստակեցության, բացի այդ, մի կողմից պահանջարկի նվազման կամ բացակայության, մյուս կողմից երիտասարդության կենսակերպի ու աշխարհայացքի փոփոխության հետևանքով, հատկապես 1970-80-ական թթ․, շատ ավելի քիչ էին զբաղվում ավանդական զբաղմունքերով, մասնավորապես մաղագործությամբ։ 1990-ական թթ․ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով մի որոշ ժամանակ Հայաստանի բնակավայրերում երևում էին մաղ և այլ մանրուքներ վաճառող կամ փոխանակող բոշաներ (այս անգամ հիմնականում տղամարդիկ), սակայն դա էլ կարճ տևեց։ Այժմ արդեն փաստացի կարելի է խոսել նախկին կամ անհետացող հայ-բոշաների մասին, որոնք կորցնելով ավանդական կերպարի վերջին փշրանքները՝ գործնականում՝ թե կենսակերպով, թե զբաղմունքներով, չեն տարբերվում «մնացած» հայերից։
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան