Բռնազավթված Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության Շրջակա միջավայրի և  քաղաքաշինության նախարարության հաստատմամբ «Ընդունելության կենտրոն» անվան տակ բետոնե շինություն է կառուցվել Դարա հնագույն քաղաքում, որը գտնվում է Մարդին նահանգի Արթուկլու գավառում և թվագրվում է մ.թ.ա. 500 թվականին։ 

Նախարարությունը շենքի կառուցման համար  «Մարդինի Դարա քաղաքի ավերակների այցելուների ընդունելության կենտրոն» անվան տակ մրցույթ էր անցկացրել։ Պատմական և պահպանվող տարածք հայտարարված տարածքում կառուցված բետոնե կառույցը  այցելուների շրջանում բացասական արձագանք է առաջացրել։ Նշված տարածքում և   պատմական ժայռափոր դամբարաններում բացի բետոնե կոնստրուկցիայից, կանաչապատման անվան տակ օգտագործվում են նաև սալաքարեր։

Արձագանքելով պատմական տարածքում կիրառվող գործելաոճին՝ Ճարտարապետների պալատի Մարդինի մասնաճյուղը գրավոր հայտարարություն է հրապարակել. «Պատմական քաղաքը գրեթե թողնված է բախտի քմահաճույքին։ Առաջին աստիճանի պահպանվող հնավայր հայտարարված քաղաքում պատմության և մշակույթի հետ անհամատեղելի կառույցը հակասում է հնագիտական ​​վայրերի համար գիտականորեն մշակված կանոններին, ինչպես նաև ստվեր է գցում քաղաքի պատմության վրա։ Այս իրավիճակով լրջորեն անհանգստացած են նաև հնագույն քաղաքի մոտակա բնակավայրերի բնակիչները և այցելուները»։

Արևմտյան Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը մշտադիտարկում են իրականացնում Արևմտյան Հայաստանի պետությունում առկա բոլոր պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների ու բնական արժեքների նկատմամբ: Այս հարցի ուսումնասիրությունը ևս կներառվի   օրակարգ և գրանցելով առկա խախտումներն  ու այնտեղ ապրող բնիկների բողոքներն`  այդ մասին զեկուցագրով կդիմեն պատկան մարմիններին: