Այլադավան եւ ծպտյալ հայերի թեման ի հայտ է բերում մինչ օրս շատ քիչ հայտնի եւ միեւնույն ժամանակ հետաքրքիր մանրամասներ։ Հանրահայտ փաստ է, որ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժամանակ որոշ հայեր ընդունել են իսլամ` կոտորածից եւ աքսորից փրկվելու համար, եւ ներկայումս Արևմտյան Հայաստանում կան քրդացած, թուրքացած հայեր, որոնց մի մասն իրեն արտաքուստ է միայն այդպես ներկայացնում։ Սակայն ծպտյալ եւ իսլամացած հայերի թեմայի շրջանակներում գրեթե չի լուսաբանվել եւ շատերի համար անհայտ է այն իրողությունը, որ Արևմտյան Հայաստանում ապրում են նաեւ հազարավոր արաբացած հայեր։
Ակնհայտ է, որ թուրքական կառավարության տարբեր օղակներ, վերլուծական, հետազոտական կենտրոններ զբաղված են ծպտյալ եւ իսլամացած հայերի մասին նոր տվյալներ ձեռք բերելու գործով: «Աքսիոն» հանդեսում հրատարակվել են ներկայումս Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերի բնակության վայրերի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաեւ նշվում է, թե նրանք պաշտոնապես որ ազգի կամ կրոնական համայնքի ներկայացուցիչներ են համարվում։ Հետաքրքրական է, որ հենց թուրքական հանդեսի տեղեկության համաձայն` այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, քանի որ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։
Սակայն արաբացած հայերը Արևմտյան Հայաստանում ապրող այլ կրոնափոխ հայերի խմբերից` մասնավորապես քրդացածներից, ունեն էական տարբերություններ. այսպես, օրինակ` արաբացած հայերը, ի տարբերություն քրդացածների, վայելում են թուրքական կառավարության որոշակի վստահությունը։ Այս հանգամանքը, կարծում ենք, կարող է օգնել` հասկանալու համար Արևմտյան Հայաստանում արաբացած հայերի գոյության հանելուկը։ Արաբացած հայերն իրենց մի աստիճան բարձր են համարում քրդացած հայերից, քանի որ նրանք ոչ թե դեմ են թուրքական կառավարության, այլ ընդհակառակը` թուրքական կառավարությունը հովանավորում է իրենց։ Ավելին, թուրքական կառավարությունը արաբացած հայերին տալիս է զենք, զինամթերք, նույնիսկ աշխատավարձ, որպեսզի նրանք պայքարեն PKK-ական քրդերի դեմ եւ պահեն իրենց գյուղերը։ Իսկ գաղտնիք չէ, որ հենց վերոնշյալ շրջաններում են, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, տեղի ունենում քրդական հուզումները։ Գաղտնիք չէ նաեւ, որ արդեն տեւական ժամանակ այդ վայրերում ընթանում է չհայտարարված պատերազմ քրդական զինյալների եւ թուրքական կանոնավոր բանակի միջեւ։ Եվ ահա այս պատերազմում արաբացած հայերը թուրքական կառավարության կողմից դիտվում են որպես լրացուցիչ պատնեշ քրդերի դեմ։
Հայերի արաբանալը եւ հատկապես այդ վայրերում բնակվելը, մեր կարծիքով, կարելի է մեկնաբանել եւ բացատրել հետեւյալով.
1.Հայերը ցեղասպանության տարիներին մտել են արաբական աշիրեթները, արաբացել, իսլամացել եւ արդեն որպես իսլամ արաբներ շարունակել ապրել իրենց գյուղերում։ Վարկածն ունի հավանականության որոշակի տոկոս, սակայն առաջացնում է նաեւ որոշ հարցեր, մասնավորապես` օսմանյան կամ թուրքական կառավարությունները, տեղյակ լինելով սրան` ինչո՞ւ են թողել այդ ամենը։
2.Ցեղասպանության ժամանակ, աքսորի ճամփով մի կերպ Դեր Զոր, Սիրիա հասած հայերը կամ նրանց երեխաները, հետագայում ընդունելով իսլամ, վերադարձել են Արևմտյան Հայաստան ` իրենց նախնիների գյուղերը, բայց արդեն որպես արաբներ։ Այս փաստարկի օգտին է խոսում մի քանի հանգամանք. նախ` լիբանանահայերի եւ սիրիահայերի շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց են տվել, որ ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայերից եղել են մարդիկ, ովքեր վերադարձել են օկուպացված Արևմտյան Հայաստանը ։
Փաստը, որ ցեղասպանության տարիներին արաբական որոշ ցեղերի մոտ եղել են որբ հայ երեխաներ, ապացուցում են մի շարք աղբյուրներ, այդ թվում եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի 1921թ. կազմած մի տեղեկանք, որտեղ նշված է, թե արաբական որ ցեղերի մոտ ինչքան հայ որբեր են գտնվում։ Ըստ այդ ցուցակի` Դեր Զորի շրջանի Զիբար, Էգաբար եւ Վարաքորա ցեղերի մոտ գտնվել են առնվազն 500, Ժիբոուր (Ջիբուր) ցեղի մոտ` 600, Շամոր (Շեմմար) ցեղի մոտ` 700, Անեզաի (Անեզա) ցեղի մոտ` 2000, Ռեսուլայնի շրջանի չեչենական ցեղերի մոտ` 2000 հայ որբ երեխաներ։ Չի կարելի բացառել, որ այս հայ երեխաները, ինչպես նաեւ փրկված այլ հայեր էլ հենց կազմել են արաբացած հայերի կորիզը։ Սակայն այս ամենի վրա, մեր կարծիքով, կարող է լույս սփռել նաեւ այն հանգամանքը, որ արաբացած հայերը Արևմտյան Հայաստան են վերադարձել հատկապես 1930-ականների վերջին եւ 40-ականների սկզբին, այն էլ` թուրքական պետության համաձայնությամբ, ավելին` աջակցությամբ։ Սիրիահայերը կամ լիբանանահայերը, խոստովանում են, որ, իրոք, իրենց բարեկամները կամ հարազատները ցեղասպանությունից որոշ ժամանակ անց վերադարձել են Արեւմտյան Հայաստան։ Այս վերադարձի ժամկետները շատ հաճախ համապատասխանում են 1930-ականների վերջերին։ Այստեղ կարեւոր է հաշվի առնել հետեւյալ փաստը. ինչպես նշեցինք, այդ տարածքներում են տեղի ունեցել քրդական ապստամբություններն ու խռովությունները, եւ հենց Դերսիմում 1938թ. արյան մեջ ճնշվել է ալեւիների ապստամբությունը։ Դրան նախորդել են այլ ապստամբություններ եւ բախումներ։ Այսինքն` շրջանը եղել է շարունակական ժողովրդական հուզումների վայր, եւ արաբացած հայերին բերելով ու բնակեցնելով այս վայրերում` թուրքական կառավարությունը ստեղծել է հակակշիռ քրդերի դեմ։
Անշուշտ, հետաքրքիր է իմանալ նաեւ արաբացած հայերի մոտ հայկական ինքնագիտակցության պահպանման կամ դրա աստիճանի մասին, սակայն այդ ամենի վերաբերյալ տվյալները հակասական են եւ ոչ ստույգ։ Ըստ մի վարկածի, եթե նրանց մեջ լիներ ցեղասպանության վրեժի գաղափար, ապա դժվար թե նրանք համագործակցեին թուրքական իշխանությունների հետ։ Բայց մյուս կողմից` այստեղ պարզորեն կարելի է նկատել դարեր շարունակ թուրքական քաղաքականության հետքը, այն է` իրար դեմ լարել հարեւանությամբ ապրող էթնոսներին եւ շահել, ինչը տեղի է ունեցել նաեւ այս պարագայում։ Միեւնույն ժամանակ, քրդերի դեմ արաբացած հայերի պայքարում կարելի է տեսնել հենց նույն վրեժի գաղափարը, քանի որ գաղտնիք չէ, եւ ներկայումս էլ քրդերն իրենք են խոստովանում, որ ցեղասպանության ժամանակ գործել են հայերի դեմ, կոտորել նրանց, թալանել, տիրացել ունեցվածքին եւ գյուղերին։ Միգուցե թուրքական կառավարությանն օգտագործել է հենց այս հանգամանքը` արաբացած հայերին իրենց կողմը գրավելու եւ քրդերի դեմ օգտագործելու համար։
Չափազանց հետաքրքիր է քրդացած եւ արաբացած հայերի փոխհարաբերությունների հարցը, որի մասին նույնպես չկան տվյալներ, բայց կարելի է արձանագրել, որ Արևմտյան Հայաստանում դավանափոխ հայերի երկու խմբեր կամա, թե ակամա հայտնվել են հակադիր ճամբարներում։
Ինչպես պարզորոշ ցույց են տալիս փաստերը, ծպտյալ հայերի թեման ունի շատ ենթաշերտեր, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է յուրովի մոտեցում, եւ կարծում ենք` հետեւողական աշխատանքները լույս կսփռեն այս խնդրի վրա, որը մեզ համար ունի ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական եւ հոգեբանական նշանակություն։