Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որը սկսել է Ադրբեջանը։

«2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թվականի «Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին» համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ապրիլյան 2016 թ. ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները։ Ավելին, Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար։ Արդյունքում, ընդամենը չորս տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ բռնազավթելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար»։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից 2007թ. սեպտեմբերի 13-ին: Դրա հիման վրա Արևմտյան Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Արցախի բնիկ հայերի ինքնորոշման իրավունքը՝ նշելով, որ. Արցախը 1920 թվականին ճանաչված Արեւմտյան Հայաստանի անբաժանելի մասն է։