
Քչերին է հայտնի, որ Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության տարիներին հայերը կոտորածից ու աքսորից փրկվելու համար ոչ միայն թուրքացել ու քրդացել են, այլ նաև` արաբացել: Ինչո՞ւ և ինչպե՞ս են արաբացել հայերը Արևմտյան Հայաստանում, որքանո՞վ է նրանց մոտ պահպանված կամ մոռացված հայկական և քրիստոնեական ինքնագիտակցությունը, ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք թրքացած և քրդացած հայերի հետ:
Թեև արաբացած հայերի մասին մինչ այժմ բացակայում են թե’ գիտական, թե’ գեղարվեստական գրական աղբյուրները,1915 թ. և դրանից հետո արաբացած հայերի ներկայիս սերնդի շրջանում կատարվել են ուսումնասիրություններ որպեսզի պարզեն մի շարք հետաքրքիր ու մինչ այժմ անհայտ մնացած իրողություններ, որոնք վերաբերում են օկուպացված Արևմտյան Հայաստանում իսլամանալու միջոցով կյանքը շարունակած հայերի պատմությանն ու 1915թ. հետո վերապրածներին:
Հայերի արաբանալու հանգամանքների մասին բարձրաձայնելիսկարող ենք առանձնացնել երկու հիմնական ձև, որի միջոցով հազարավոր հայեր արաբացան.
Առաջին ՝ տեղի արաբ ընտանիքների կողմից 1915 թ. պաշտպանության տակ առնված ու անհատապես որդեգրված հայ որբերը, այդ ընտանիքներում որպես մահմեդական արաբ մեծանալով, դարձան տեղի արաբ բնակչության մի մասը:
Երկրորդ ՝ 1915 թ. և դրանից առաջ հայերը սերտ շփումներ են ունեցել արաբների հետ, Ցեղասպանության շրջանում մտնելով արաբ աշիրեթների մեջ և մահմեդական ներկայանալով` այս հայերը կարողացել են փրկել իրենց կյանքն ու չտեղահանվել հայրենի տարածքներից:
Արաբախոս հայերը հիմնականում զբաղեցնում են Արևմտյան Հայաստանի արեւելյան ու հարավ-արեւելյան շրջանները՝ Խութի, Մոտկանի, Խաբլջոզ-Հազզոյի ու Փսանքի գյուղերը։ Փոխարենը օրինակ ՝ Սասունի հյուսիսային ու արեւմտյան շրջաններն ամբողջությամբ քրդախոս են։
Սասունի արաբախոս հայերի «գաղտնիքը» բացահայտելու համար շատ կարեւոր է ծանոթանալ Սասուն գավառի հետցեղասպանական պատմության մի շարք մանրամասներին, քանի որ խոսքն իրականում ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ գավառի «արաբացման» մասին է։ Այլ կերպ ասած՝ թե ինչպես քրդախոս ու հայախոս Սասունը հանկարծ դարձավ արաբախոս։
Այո, Ցեղասպանության ընթացքում հարյուրավոր հայ որբեր են պատսպարվել արաբ կամ արաբախոս քուրդ ցեղախմբերի մոտ, սակայն Սասունի հայերի «արաբացումը»՝ այդ թվում կրոնափոխությունն ու լեզվի փոխառումը միայն 1915-ով չի ավարտվում եւ սա միայն առաջին փուլն էր։
Սա իրար հետեւած մի շարք իրադարձություններով փոխկապակցված գործընթաց է, որը սկիզբ է առնում Սասունում 1894-1986 թթ․-ի աբդուլհամիդյան II կոտորածներով, շարունակվում Հայոց ցեղասպանությամբ ու 1938-ի աքսորով եւ իր տրամաբանական ավարտին հասնում 1950-ականներից հետո հայերի դեմ սաստկացած ճնշումների հետեւանքով սկիզբ առած ուրբանիզացիոն գործընթացով։
Նախ պետք է արձանագրենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի իրադարձությունները ստիպեցին, որ Սասունում եղած երկու մուսուլման էթնիկ տարրերը՝ քրդերն ու արաբները սկսեն հստակորեն զատվել իրարից։ Այլ կերպ ասած՝ Սասունի արաբները, որոնց մասին մենք պատմագրության մեջ քիչ էինք լսում, ոչ թե նոր եկան Սասուն, այլ նոր սկսեցին «երեւալ»։
Նախ արաբների գյուղերը սովորաբար եղել են հայերից առանձին, ի տարբերություն քրդերի, որոնք հենց հայկական գյուղերում էին բնակություն հաստատում ու հաճախ բախվում սասունցի հայերի հետ։ Գավառի տնտեսական ուժի՝ փաստացի քուրդ աղաների ձեռքում լինելն ու նրանց կողմից հարկերի հավաքագրումը նույնպես նպաստում էր, որ հայ-քրդական ու հայ-արաբական հարաբերությունները բոլորովին նույնը չլինեին։ Այսպիսով՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ընթացքում արաբների մի փոքր այլ կեցվածքը ոչ միայն նպաստեց, որ հենց նրանց կողքին ապաստանեն շատ որբեր, այլեւ պատճառ դարձավ քրդերի ու արաբների հստակ տարանջատվելուն։ Բացի այդ, հայերի զանգվածային արտագաղթից հետո երկու մուսուլման խմբերի առանձնահատկությունները նույնպես անխուսափելիորեն ավելի սուր ընդգծվեցին։ Ի վերջո, մինչ այդ Սասունում կային միայն մուսուլմաններ եւ ոչ մուսուլմաններ, իսկ հիմա՝ մուսուլման մեծամասնություն, որն իր հերթին երկու խմբից էր բաղկացած, որոնք այդքան էլ իրար նման չէին։
1938-ի աքսորը, որը վերջանականապես խլեց քրդերի ձեռքից տնտեսական բոլոր առավելությունները՝ Սասունի «արաբացման» առանցքային փուլերից է։ Ճիշտ է, աքսորված շատ ցեղախմբեր հետ վերադարձան համաներմամբ, սակայն ոչինչ այլեւս առաջվանը չէր։ Ճիշտ է՝ Սասունի 1925-37 թթ-ի ապստամբությունը ավելի շատ սոցիալական բնույթ էր կրում ու դրան մասնակցել են նաեւ արաբներ ու հայեր, սակայն քուրդ աղաները, նախկինում ունեցած լինելով ավելի շատ հողատարածքներ, կորցրին դրանք ու ստիպված եղան ենթարկվել հավասար հարկահանության։ Հենց այս պատճառով նրանք ավելի շատ բան ունեին կորցնելու եւ ավելի շատ հետապնդվեցին։ Սա բերեց մի իրավիճակի, երբ Սասունում Հայոց ցեղասպանությունից ու 1938-ի աքսորից հետո «ամենաձեռնտու» ու միջանկյալ ինքնությունը դարձավ արաբականը։
Այսօր Սասունում արաբերեն են խոսում ոչ միայն տեղի արաբներն ու «արաբացած» հայերը, այլեւ 1938-ի աքսորով անցած քրդական ցեղեր։
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան