Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի Հոզաթ գավառի ենթակայության տակ գտնվող Քոզլուջա և Քուրուքայմակ գյուղերը 1990 թվականին դատարկվեցին, այսպես կոչված, անվտանգության նկատառումներով:
Գյուղացիները, սակայն, երկար ժամանակ պայքարեցին իրենց իրավունքի համար և կազմակերպված ստորագրահավաքը արդյունք տվեց. ի վերջո, գյուղացիներին տրվեց իրենց ծննդավայրում վերաբնակվելու թույլտվություն։
Հոզաթի նահանգապետարանը, արձագանքելով ՝՝համերաշխություն և մշակույթ՝՝ ասոցիացիայի կողմից նախաձեռնված ստորագրահավաքին, որի միջոցով գյուղացիները պահանջում էին վերադառնալ 1990 թվականից դատարկված Քոզլուջա և Քուրուքայմակ գյուղերը, հայտարարել է, որ գյուղերում բնակվելու համար որևէ խոչընդոտ այլևս չկա:
Ասոցիացիայի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ մինչև 2022 թվականը բնակիչներին արգելվել է մուտք գործել գյուղ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նախկին բնակիչները չեն կարողացել օգտվել մասնավոր սեփականություններից, նրանց բացակայության ընթացքում տները քանդվել են, ցանքատարածքները և այգիները ավերվել են, իսկ գերեզմանոցները մնացել են անխնամ: Նրանց նույնիսկ չէր թույլատվում այցելել իրենց հարազատների գերեզմանները: