Թուրքական իշխանությունները դադարացրել են հետապնդումներն արաբացած հայերի հանդեպ այն պայմանով, որ նրանք չպետք է բարեկամանան քրդերի կամ քրդացած հայերի հետ: Ավելին՝ նրանք զինամթերքով են ապահովվում անհրաժեշտության դեպքում քրդերի դեմ պայքարելու նպատակով: Այսինքն՝ արաբացած հայերը թուրքական կառավարության կողմից ընկալվում են որպես «խրամատ»` քրդերի դեմ հակամարտության մեջ: Վստահաբար սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները թույլ են տալիս արաբացած հայերի կենսագործունեությունն իրենց տարածքում, կամ այն, որ ժամանակին իմացել ու չեն կանխել հայերի արաբացումը:
Արաբացած հայերի մեջ հայկական ինքնագիտակցության առկայությունը հարցականի տակ է, քանի որ դրա վերաբերյալ ստույգ աղբյուրներ չկան: Սակայն նրանցից շատերը խոստովանում են, որ քրդերի դեմ պայքարում են սոսկ այն նպատակով, որ քրդերից են լսել հայերի դեմ ցեղասպանությանը մասնակցելու, նրանց թալանելու, ունեցվածքին տիրանալու մասին: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հենց այս վարկածն են օգտագործել արաբացած հայերին քրդերի դեմ հակամարտությունում ներքաշելու համար:
Ծպտյալ հայերի թեմայի ուսումնասիրությունը ծայրահեղ զգուշությամբ պետք է կատարվի, քանի որ ինչպես ցույց են տալիս պատմական վկայությունները, քրդացած ու արաբացած հայերն ակամայից հայտնվել են հակառակ թեւերում, եւ սա հայերիս համար ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյահոգեբանական կարեւորություն ունի: