Բերձորի ճանապարհի Շուշիի հատվածում տեղի ունեցած միջադեպը Արցախի պետնախարարը ներկայացրել է այսպես․ «Ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»:
Արևմտյան Հայաստանի կառավարությունն ուզում է մեկ անգամ ևս հիշեցնել պատկան մարմիններին, որ ազատ Արցախը Արևմտյան Հայաստանի Հանրապետության մի մասն է՝ նահանգի կարգավիճակով և ոչ ոք իրավունք չունի ոտնահարել Արցախի ժողովրդի կամարտահայտությունը՝ ինքնորոշման միջազգայնորեն նրան տրված իրավունքը և արգելել նրա մուտքը սեփական տարածք և օգտվելով առիթից ներխուժել ինքնիշխան պետության տարածք: Մենք սա դիտարկում ենք իբրև միջազգային նորմերի կոպիտ խախտում, որը պատասխան քայլ է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարությանը: