Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ.«Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը ավելի քան 110 օր  լիակատար շրջափակման մեջ պահող Բաքվի իշխանության իրական նպատակները: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Բերձորի ճանապարհով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին:

 Բերձորի ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: 
Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքվի իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Բաքվի իշխանության նախագահը 2023 թ. հունվարի 10-ին՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Բաքվի իշխանության քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը: Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Բաքվի իշխանության կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Բաքվի իշխանության շարունակվող հանցագործությունների կանխման համար»։