
Տարբեր ժամանակաշրջաններում Հայկական լեռնաշխարհ ներխուժած նվաճողները որդեգրել են հայերի ձուլման քաղաքականությունը, ինչի իրագործման հիմնական մեթոդներից է եղել բռնի կրոնափոխությունը։ Տարածաշրջան թյուրքական տարրի ներթափանցման ժամանակ և պետական միավորներ ստեղծելուց հետո բնիկ ոչ մուսուլման բնակչությունը կազմում էր մեծամասնություն, և նվաճողները խնդիր դրեցին փոխել պատկերը ու ստեղծել իսլամադավան մեծամասնություն: Դրա համար անկյունաքարային քաղաքականություն դարձավ բնիկ ժողովուրդների բռնի իսլամացումը: Հայերը լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը` պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում տարբեր ծավալներ է ունեցել: Հայտնի է, որ հազարավոր հայերի բռնի իսլամացում է եղել նաև 1915-23 թթ. Հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարիներին:
Ցեղասպանության ժամանակ առևանգման և իսլամացման թիվ մեկ թիրախը, կարելի է ասել, եղել են հայ կանայք և աղջիկները: Առևանգելով նրանց` մուսուլմանները նախ` ազատվում էին ամուսնությունների ժամանակ վճարվող «գլխագնի» ծանր ֆինանսական բեռից և, բացի այդ, համալրում իրենց հարեմները: Իսլամացված հայ կանանց մասին բավական թվով փաստեր են ի հայտ գալիս ավելի ուշ, երբ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությանը պարտադրվում է քայլեր անել մուսուլմանների տներում պահվող հայ կանանց վերադարձնելու ուղղությամբ:
Western Armenia tv-ին ներկայցնում է ՝իսլամացվ ած կանանց պատմությունների շարք, ովքեր իրենց հայկական ինքնությունը չկորցնելու համար պայքարել են տարիներ շարունակ։
Այն, որ շատ հայուհիների համար մուսուլմանների հետ ամուսնանալուց հետո կյանքը հագեցած է եղել տարատեսակ տրավմաներով, կասկածի ենթակա չէ և Եվրոպայում բնակվող թուրք ուսումնասիրող Ուղուր Ունգորի կատարած դաշտային-հետազոտական աշխատանքների ընթացքում արված մի հարցազրույցում բավական ուշագրավ և խոսուն փաստի ենք հանդիպում: Ունգորի հետ զրուցած ծագումով Վանից մի քուրդ քաղաքական գործիչ ասել է, որ իր տատը հայուհի է եղել: Այնուհետև վերոհիշյալ քաղաքական գործիչը հավելել է որ ինքը. «երբեք չէր հասկանում, թե ինչու մռայլ և ընկճված կինը միշտ իր սեփական ընտանիքն անիծելիս նրանց անվանում էր «քուրդ սրիկաներ»:
Ցեղասպանության տարիներին հայ կանանց բռնի իսլամացման հետևանքով այսօր օկուպացված Արևմտյան Հայաստանում ձևավորվել է հասարակության մի շերտ, որն ունի հայկական ծագում, հատկապես հայ տատիկներ: Հրանտ Դինքն այս առիթով ասել է.
«Այսօր, երբ շրջում եք Արևմտյան Հայաստանով, գրեթե ամեն վայրում, մի շարք ընտանիքներում կարող եք հանդիպել մարդկանց, որոնք ասում են. «Իմ պապը, տատը հայ էին»:
Այսօր օկուպացված Արևմտյան Հայաստանում հայ տատիկներ ունենալու հանգամանքն այնքան տարածված է, որ դարձել է նաև ժամանակակից թուրքական փաստագեղարվեստական գրականության նյութ։ Ցեղասպանությունը վերապրած և իսլամացված հայ կանանց պատմությունները, որոնք վերջին տարիներին են հայտնվում Արևմտյան Հայաստանի հասարակական, գիտական և քաղաքական օրակարգում, մասն են կազմում ներկայումս լայն տարածում գտնող բանավոր պատմությունների (oral history) ժանրի, որը վերջին երկու-երեք տասնամյակներին լայն տարածում է գտնում: Ըստ ազգագրագետ Հարություն Մարությանի, բանավոր պատմությունները լսելի են դարձնում հասարակության հատկապես այն անդամների ձայները, ովքեր լուռ և արհամարհված էին: Օկուպացված Արևմտյան Հայաստանում տասնամյակներ շարունակվող ժխտման և մոռացության քաղաքականությունն անգամ չի կարողացել հասարակական լայն խավերի հիշողությունից իսպառ ջնջել Հայոց ցեղասպանության հետ կապված տարատեսակ հիշողությունները և դրանք այսօր ի հայտ են գալիս ու երբեմն ձևավորում թուրքական հասարակական դիսկուրսը: Ինչպես դիպուկ նկատել է թուրք գրաքննադատ Օմեր Թուրքեշը.
«Անցյալը ահա ինչքան ժամանակ է բաց չի թողնում Թուրքակամ հասարակության օձիքը»: Իսկ հետազոտող Մայքլ Սխուդսոնը անցյալը մոռացության տալու փորձերի առնչությամբ նշում է.
«Անցյալը, որոշ իմաստով և որոշ պայմանների դեպքում, մեծապես դիմադրողունակ է իրենից վեր կանգնելու փորձերի նկատմամբ»: Հ. Մարությանի գնահատականը անցյալը մոռանալու առնչությամբ մեծապես բնութագրում է այսօրվա թուրքական հասարակության մեջ տեղի ունեցող գործըթացները.
«Անցյալը դառնում է մեր մի մասը և ձևավորում է մեզ, այն ազդում է մեր գիտակցության վրա` անկախ մեր ցանկությունից»:
Ցեղասպանությունը վերապրած հայերի հիշողությունների վերլուծությունը թույլ է տալիս մասնագետներին եզրակացնել, որ դրանք մեծապես «ցեղասպանության պատճառած կոլեկտիվ և անձնական տրավմայի հիշողություն է»: Հայկական ընտանիքներից խլված կամ ընտանիքները կորցրած կանայք և երեխաները, փոխելով կրոնը, լեզուն, կենսամիջավայրը, ապրելով կոտորածների և աքսորի զրկանքները, բնական է, որ ենթարկվել են բազմաթիվ տրավմաների, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են նրանց:
Շարունակելի․․․
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան
Աշխեն Վիրաբյան