
Տրավմատիկ հիշողությունները բազմաշերտ հետևանքներ են ունենում անհատի ու հասարակության վրա և դրանցից են տրավմայի առաջացրած հոգեկան ու հոգեբանական խնդիրները: Ընդունված է կարծել, որ տրավմայից ազատվելու կամ այն բուժելու տարածված ձևերից մեկը այդ մասին պատմելն է, որը կարող է բերել հոգեվիճակի թեթևացման, սակայն այս մեթոդն ապահովագրված չէ նաև հակառակ էֆեկտներից: Օրինակ` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի «Արևմտյան Հայաստանի զավակները. դարի վկաները» գրքում պատմում է մի դեպք, որը տեղի է ունեցել 1970-ականների սկզբին Մարսելում: Ըստ Գարեգին Սրբազանի, Մարսելի հայ համայնքում եղել են ցեղասպանությունը վերապրած հայեր, որոնցից մեկը ծագումով Կարինից 80-ն անց մի հայ շարունակ պատմել է իր ապրած սարսափները: Գարեգին Բեքչյանը խորհուրդ է տվել նրան իր հուշերը հանձնել թղթին, սակայն այդ ամենը գրի առնելուց մի քանի ամիս անց, ցեղասպանությունը վերապրած մարդը հոգեկան խանգարում է ստացել և երբ նրա երեխաները բժշկի են տարել` եզակացությունը եղել է հետևյալը. «Անցյալի ցավալի դեպքերը հիշելը խախտել է նրա հոգեկան հավասարակշռությունը»: Ցեղասպանությունը վերապրած Կարինցու վիճակը հետզհետե վատացել է և ի վերջո նա ինքնասպան է եղել:
Այսօր ժամանակակից թուրքական գրականության մեջ, կարելի է ասել, ձևավորվել է մի հոսանք, երբ գրականության թեմա է դառնում 1915-ին առևանգված կամ հրաշքով փրկված ու իսլամացված հայ կանանց հարցը: Տպագրվող գրքերում հատկապես աչքի է զարնում փաստագրական հիմքը: Իսլամացված հայերի խնդրի քննարկման հնարավորության մասին խոսելիս շատերը նշում են, օրինակ, թուրքական կառավարության եվրաինտեգրման ճանապարհին նկատվող որոշ ազատություններ, սակայն թեմայի հրապարակայնացման շարժիչ ուժը համարվում են իսլամացված հայերի սերունդները, ավելի կոնկրետ` թոռները:
Արդեն հրապարակում կան տասնյակ փաստագեղարվեստական ստեղծագործություններ, որոնց գլխավոր հերոսը բռնի իսլամացված հայ կինն է` իր բարդ հոգեբանական աշխարհով։ Չնայած իսլամացված հայ կանանց կերպարների միջև եղած որոշ տարբերությունների, կան նաև մի շարք ընդհանուր գծեր: Ուշադրություն է գրավում հատկապես այն, որ ամբողջ կյանքում իրենց ուղեկցող տրավմատիկ հիշողությունների մասին այդ կանայք նախընտրել են բարձրաձայնել առավելապես կյանքի վերջում: Այսինքն` ամբողջ կյանքում թաքցրել են դա` վախենալով կամ գուցե չուզենալով ցավ պատճառել իրենց զավակներին։ Կա նաև անցյալի ցավալի հուշերը թաքցնելու մեկ այլ կարևոր պատճառ, այն է` նրանք չեն գտել մի հարմար զրուցակից, ում կկարողանային վստահել իրենց գաղտնիքը: Նմանատիպ պատմությունների համար ընդհանրական է այն, որ պատմելով ամբողջ կյանքում թաքցրած տրավմատիկ հիշողությունների մասին` վերապրած հայուհիները, գուցեև ենթագիտակցորեն ցանկացել են ազատվել այդ բեռից կամ թեթևացնել այն։ Ուշագրավ է նաև այն, որ այդ տրավմատիկ հուշերի ունկնդիր թոռները ևս դառնում են տրավմայի յուրահատուկ կրող և արդեն իրենք են ձգտում ազատվել դրա բեռից: Որպես սա հաստատող օրինակ կարող ենք դիտարկել Ֆեթհիյե Չեթինի հայտնի «Մեծ մայրս» գրքի տպագրումից հետո նրան հանդիպած բազմաթիվ իսլամացված հայերի զավակների, թոռների ապրումները, որոնցից մեկը պատմելով իր մոր դառը կյանքի պատմությունը` վերջում խոստովանել է. «Այս գիշեր կը կարողանամ հանգիստ քուն քնել»:
Իսլամացված հայ կանանց վերաբերյալ գրքերում աչքի են զարնում տատեր-թոռներ հարաբերությունը, փոխադարձ կապվածությունն ու վստահությունը, ինչը, կարելի է ասել, այս թեմային բնորոշ կարևոր առանձնահատկություններից է: Տարբեր ժողովուրդների գրականությունների մեջ տարածված և գրականագիտության խընդիրներից մեկը՝ հայրեր-որդիներ խնդիրը, թուրքական գրականության մեջ իսլամացված հայ կանանց մասին պատմող ստեղծագործություններում վերածվել է յուրահատուկ` տատեր-թոռներ խնդրի: Գրաքննադատ Օմեր Թուրքեշը ցեղասպանության տրավմատիկ հիշողությունները համարում է յուրահատուկ ժառանգություն, որը տատերը թողնում են թոռներին: Ինչպես նշում են շատ մասնագետներ, ցեղասպանության տրավմատիկ հիշողությունն ուղեկցում է հայության տարբեր սերունդներին և դրսևորվում յուրովի` կախված ժամանակից և հանգամանքներից: Հրանտ Դինքն այս մասին գրում է. «Մինչև սերնդից սերունդ մեր փոխանցվող տրավմայից չազատվենք, հնարավոր չէ, որ հայկական աշխարհը հանգիստ ապագա ունենա»: Տրավմայի կրելը, միևնույն ժամանակ, ցույց է տալիս, որ ցեղասպանության վերապրածները «փրկվելով» հանդերձ` դատապարտվել են ամբողջ կյանքում տառապելու: Ազգագրագետ Մարությանի կարծիքով. «Վերապրողները նույնպես զոհեր են, քանի որ նրանք վկան են եղել բազմաթիվ դաժանությունների, իրենց հարազատների կորստյան, տեսել են տասնյակ ու հարյուրավոր դիակներ և այլն»: Այս առումով շատ խոսուն է լիբանանահայ գրող Գէորգ Աբելյանի 2005 թ. տպագրված գրքի վերնագիրը` «Ցկեանս նահատակություն»: Այս գրքում հավաքված են Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը տարբեր կերպ վերապրած և հաճախ իրենց արմատներից բռնի հեռացված իսլամացված հայերի պատմություններ: Գրքի առաջաբանում Աբելյանը նշում է. «Այսպիսիններու կեանքը կենդանի եւ երկարատեւ, ցկեանս նահատակութիւն չէ՞ր եղած»:
Բռնի իսլամացված հայերի մասին պատմող գրական ստեղծագործություններում աչքի է զարնում նաև այն հանգամանքը, որ փրկվածները ձգտել են գաղտնի շփվել իրենց նմանների հետ, կիսել վշտերը, հիշել անցյալը, ինչպես նաև գաղտնի շարունակել քրիստոնեական հայկական սովորույթներ: Այս երևույթի տեսական բացատրությանը ևս հանդիպում ենք Մարությանի աշխատությունում. «Նկատելի է, որ պատմելն օգնում է համերաշխության կայացմանն ավելի շատ տառապողների միջև»: Նա հավելում է նաև, որ իսլամացված հայ կանանց պարագայում տրավմատիկ հիշողություններին ավելացել է նաև տրավմատիկ առօրյան: Սա, իրոք, հետաքրքիր ձևակերպում է, և դրա դրսևորումները` կոնկրետ օրինակներով, կտեսնենք ստորև:
Իսլամացված հայ կանանց մասին գրված ստեղծագործություններում հատկապես աչքի է զարնում այն մեծ հեղինակությունը, որ արդեն առաջացած տարիքում նրանք վայելել են իրենց ընտանիքում և շրջապատում: Գրեթե բոլոր գրքերում իսլամացված հայ կանայք ներկայացվում են որպես խելացի, մաքրասեր, աշխատասեր և լավ տանտիկիններ: Թոռներն իրենց տատերի հեղինակության մասին փաստող բազմաթիվ հիշողություններ ունեն, որոնցից կցանկանայի մեջբերել մեկը, որը, իմ կարծիքով, առավել քան ուշագրավ է: Թուրքիայում պաշտոնական տեսակետից տարբերվող գրքերի հրատարակմամբ հայտնի «Փերի» հրատարակչության սեփականատեր Ահմեթ Օնալի մեջ տպավորվել է իր տատի` իսլամացված հայուհի Ֆաթեի անսահման գրքապաշտությունը. «Կարող եմ ասել, որ մեր տունը նա էր կառավարում, շրջակա բոլոր գյուղերում էլ խոսքը անցնում էր: Զգում էի, որ մտավորական ընտանիքի զավակ էր: Մեծ կարևորություն էր տալիս երեխաների կրթությանը: Լավ հիշում եմ. մի օր դպրոցից վերադառնալիս գրքերս ու տետրերս ցեխն էին ընկել: Տատս, տեսնելով այդ, ինձ կանչեց, որպեսզի մի պատմություն պատմի. «Մերոնք մեզ պատերի տակ թողեցին, ոսկիները և փողերը հողի տակ թաղեցին, սակայն գրքերը շալակեցին ու տարան: Գիրքը շատ արժեքավոր է: Ես այս աշխարհից կգնամ, ոսկիներն ու փողերն էլ կարող են կորչել, սակայն գիրքը մարդուց էլ, փողից էլ ավելի արժեքավոր է»»: Միգուցե տատի նման դաստիարակության շնորհիվ է, որ Ահմեթ Օնալը հետագայում ընտրել է գրահրատարակչության ոլորտը: Հրանտ Դինքը ևս, անդրադառնալով իսլամացված հայ կանանց հեղինակության խնդրին, ասում է. «Այդ կանայք մեկական առասպել էին, այդ տների դերվիշներն էին»: Վերջին տարիներին ավելացել են ինչպես քուրդ հեղինակների թուրքալեզու գրքերը Հայոց ցեղասպանության և հայկական թեմատիկայի մասին ինչպիսին են Յուսուֆ Բաղիի, Մեթին Աքթաշի, Սերդար Ջանի և ուրիշների: Սակայն սրանից բացի, Թուրքիայում հրատարկվում են քրդերեն գրքեր հայկական թեմատիկայով:
Շարունակելի․․․
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան
Աշխեն Վիրաբյան