Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առիթով. 

«Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում: Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի: Ես համոզված եմ, որ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու Հայրենիքը, ինչպես իրենց զավակներին, ովքեր մեծ գործերով աշխարհին պատմել ու շարունակելու են ներկայացնել Բիբլիական Երկիրը…

Հավե՛րժ փառք մեր ժողովրդի ազատության ու անկախության համար բոլոր ժամանակներում մարտնչած նվիրյալներին: Խոնարհումս մեր սուրբ նահատակների հերոս մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի ոգու ամրությանն ու կամքի անչափելի ուժին…

Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը»:Արևմտյան Հայաստանի կառավարությունը ևս սիրով շնորհավորում է բոլոր հայ կանանց Մայրության տոնի առթիվ և մաղթում ամենայն բարիք :Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ այո՛ Արցախը Հայ ժողովրդի լիիրավ զավակն է և այդ փաստն ամրագրված է և 1919թ.Պողոս Նուբարի Հայաստան պետության կողմից  և  1920թ. Դե յուրե և դե ֆակտո ճանաչված Արևմտյան Հայաստանի պետության կողմից, որն ի դեպ աշխարհում ամենաշատ իրավական ճանաչում ունեցող պետությունն է: Այսօր ևս Արցախը Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է և մենք մշտապես մտահոգ  ենք Արցախի ճակատագրով և իբրև դրա վառ օրինակ ուզում ենք շեշտել այն փաստը, որ մինչ օրս միայն Արևմտյան Հայաստանի կառավարությունն է, որ  զբաղվում է իրենց բնօրրանից բռնի տեղահանված արցախցիների հարցերով և Շուշիից տեղահանվածների դիմումի հիման վրա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ընթացակարգն արդեն սկսվել է։