Ուշագրավ է, որ հայ տատ ունենալու հանգամանքն առավելապես բացահայտվում է նրանց աղջկա կողմից թոռների միջոցով, այսիսնք բացահայտվողներն ավելի շատ մայրական տատերն են, քան հայրական և սա միգուցե կարելի է բացատրել նաև հայրիշխանական որոշակի ընկալումներով և հասարոկւթյան մեջ տղամարդկանց տարբերակվող դիրքի հետ: 

Բազմաթիվ աղբյուրներում և ուսումնասիրություններում հանդիպում ենք իսլամացված հայ կանանց, տատիկների բացառիկ դրական հատկանիշների, գեղեցիկ, մաքրակենցաղ, հարեհաս լինելու մասին հիշողությունների և դրանք անվերապահ ընդունվում են հասարակության կողմից: Ինչպես նշվել ենք նախորդ հոդվածներում , սկսած 2000-ական թվականների սկզբից թուրքական գրականության մեջ տպագրվեցին մի շարք գրքեր, որոնց գլխավոր հերոսուհին կամ հերոսուհիներից մեկը Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության տարիներին բռնի կրոնափոխ հայուհին է: Դեռևս 2001 թ. Գերմանիայում տպագրված թուրք գրող Քեմալ Յալչընի «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագրական վեպում հանդիպում ենք բռնի իսլամացված հայուհիների հետ կապված պատմություններ, որոնցից մեջբերենք մեկը: Ծպտյալ հայուհի Սուլթան Բաքըրչըգիլը փոխանցում է իր հորաքրոջ պատմությունը. ցեղասպանության ժամանակ մի քուրդ հորաքրոջ աչքերի առաջ սպանում է նրա ամուսնուն և իրեն առևանգում ու ամուսնանում հետը: Իր ամուսնուն սպանող քրդից հորաքույրը երկու տղա երեխա է ունենում, սակայն ապրած սարսափները ամբողջ կյանքում ուղեկցում են նրան. «Երբեք չեմ մոռնար այս դէպքը: Գիտեմ, որ այս մարդը ամուսինս սպաննեց: Իմ աչքերով տեսայ, զիս ալ պիտի սպաննէր: Վախէս ամուսինս սպաննողին կինը եղայ: Երկու տղաներուս հայրը եղած այս մարդուն երբեք պիտի չներեմ, Աստոած անոր պիտի պատժէ»: Այս դրվագը լավագույնս ներկայացնում է բռնի իսլամացված հայուհու տրավմատիկ առօրյան և այն հոգեկան տանջանքները, որոնց ենթարկվել է նա ապրելով իր ընտանիքին սպանողի հետ մեկ հարկի տակ:

Քեմալ Յալչընի Գերմանիայում հրատարակված մյուս գրքում` «Սարը Գելին» («Նորահարս»), հանդիպում ենք Ադըյամանի հայտնի Բերսումների (Պարսամ) տոհմից գեղեցկուհի Սիրանույշի պատմությանը, որին փրկել և այնուհետև նրա հետ ամուսնացել էր շրջանի հայտնի քուրդ աղաներից մեկը` Նուրին: Մինչ քրդի կինը դառնալը Սիրանույշը մի պայման էր դրել նրա առջև, համաձայն որի Նուրին պարտավորվում էր Սիրանույշի գերդաստանից փրկել տասը երեխայի և ահա հենց դրա շնորհիվ է, որ Բերսումների տոհմը շարունակվում է: Յալչընի գրքում Նուրի աղայի և Սիրանույշի կրտսեր որդին` Մեհմեթ Նուրին դրվագներ է պատմում մոր կյանքից, որտեղ ցայտուն երևում է իսլամացված հայուհու ապրած տրավմատիկ առօրյան և հիշողությունները. «Մորս իսկական անունը Սիրանույշ էր, հորս հետ ամուսնանալուց հետո նրան Հանըմ էին ասում: Մայրս երիտասարդ տարիքում հաճախ էր ինձ և ավագ եղբայրներիս ասում. «Ապա ինձ մի անգամ Սիրանույշ ասեք, լսեմ»: Երբ նրան Սիրանույշ էի ասում, փաթաթվում էր ինձ, շարունակ համբուրում ու արտասվում: Երեխա ժամանակ մորս արտասվելուն նայելով` ես էլ էի արտասվում, սակայն չգիտեի, թե մայրս ինչու է լալիս: Մայրս երբեմն լեռների, թռչունների, քարերի, հողի, ծաղիկների հետ էր խոսում, զրուցում: Ես չէի հասկանում այն լեզուն, որով նա խոսում էր: Երբ հարցնում էի, շոյում էր գլուխս ու ասում. «Սա մորս, հորս լեզուն է, քո քեռիների լեզուն է, հայերի լեզուն է»: Հայերի լեզուն մորս արցունքների լեզուն էր»: Գրքի մեկ այլ հերոսուհու` Փազարջըքցի Սիլվայի, պատմությունը սարսռազդու մանրամասներ է պարունակում. «Երբ սկսվեց աքսորը ես արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած էի: Տասնութ տարեկան էի: Ամուսնուս սպանեցին: Երբ քարավանը դեպի Սիրիայի անապատներն էր գնում իմ ներկայիս ամուսինը` Հասանն ինձ առևանգեց և տարավ իր գյուղ: Նախ փոխեց անունս, իմ անունը Սիլվա էր: Ինձ ասաց. «Սրանից հետո քո անունը Հաջեր է լինելու»: Երբ Հասանը ինձ քարավանից առևանգեց ես երեք ամսական հղի էի: Ժամանակն եկավ և ես ծննդաբերեցի ու լույսի պես մի աղջիկ երեխա աշխարհ բերեցի: Հասանն ասաց. «Եթե այս աղջիկը մեծանա մեզ գլխացավանք կբերի: Կամ այս երեխային պետք է սպանես, կամ էլ ես եմ քեզ սպանելու»: Աղաչեցի, պաղատեցի, սակայն նա անդրդվելի էր: Այն ժամանակները կար մահվան վախ: Ո՞ւր պետք է փախչեի, ես ոչ մեկը չունեի: Իմ հարազատ երեխային իմ ձեռքով թունավորելով սպանեցի: Օրեր շարունակ երեխայիս պատկերը աչքերիս առջևից չէր հեռանում: Շատ զղջացի, մտածում էի. «Երանի ինքս ինձ սպանեի»: Ավելի ուշ Հասանից մի տղա երեխա լույս աշխարհ բերեցի: Սակայն այդ տղային ոչ մի կերպ իմ երեխայի նման կրծքիս չկարողացա սեղմել, իսկ Հասանին երբեք չընդունեցի որպես իմ ամուսին: Երեխայիս սպանելուց հետո ամբողջ կյանքիս ընթացքում տանջանքներ ապրեցի»: