Արհեստագործութեան ու առեւտրի բնագաւառում Այնթապի վերելքը առաւելապէս պայմանաւորուած էր մանուսայագործութեան աննախադէպ առաջընթացով: 19-րդ դարի առաջին կէսից արդէն, այն Այնթապի ամենամեծ տարածում ունեցող արհեստն էր:
Մանուսայագործութիւնն Այնթապ մուտք է գործել թերեւս Արաբկիրի կողմերից: Սկզբնական շրջանում դերձանը (թել) ներկրւում էր Եւրոպայից, որից եւ գործւում էին տարատեսակ գծագրութիւններով ալաճաները:
1850-ական թուականներից սկսած, աւելի բարձրորակ սպիտակ ու գունաւոր թելերի ներկրմամբ, տեղական արտադրութիւնը ենթարկւում է որոշակի փոփոխութիւնների: Այս բարակ եւ նուրբ թելերի գործածութեան համար ստեղծւում են աւելի թեթեւ ու կատարելագործուած դազգահներ, որոնք դառնում են մանուսայագործութեան՝ գունաւոր կտաւների արտադրութեան հիմքը: Աստիճանաբար նոր արհեստաւորներ ու շուկաներ գրաւող արհեստը սկսում է դառնալ քաղաքի արդիւնաբերութեան ամենախոշոր ճիւղը՝ աւելի ու աւելի բարելաւելով Այնթապի հայութեան տնտեսական վիճակը: Ժամանակի մամուլն արձանագրում էր, որ Այնթապը իրապէս արդիւնաբերական քաղաք էր եւ մանուսայի-ալաճայի գործը մեծ կարեւորութիւն ունէր տեղական առեւտրի մէջ, ոչ միայն այն տեսանկիւնից, որ քաղաքի բնակչութեան մեծամասնութիւնը այդ գործով էր հայթայթում իր ապրուստը, այլեւ այն պատճառով, որ մանուսայագործութիւնը մեծապէս ազդում էր առեւտրի ու արհեստագործութեան բոլոր ուղղութիւնների վրայ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հղումով: