Իրավիճակը շատ վատ է: Ազգային շահերից ելնելով՝ պետք է կոնկրետ գործողություններ արվեն, ոչ թե հույսը դնեն օտարի վրա։ Պետք է ցույց տալ՝ Հայաստանը ուժ ունի, թե՞ չունի։ Սա է կարևորը։

Եվրոպացի փիլիսոփաներն  ասել են, որ խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը պատերազմում պարտվելն է։

Անհրաժեշտ է Հայաստանի ռազմական պոտենցիալի հզորացում և հարվածային ուժեղ բռունցքի ստեղծում, որը հարևաններին կստիպի հաշվի նստել մեզ հետ։ Մենք ունենք ամենաուժեղ ռեսուրսը՝ դա մեր գիտական պոտենցիալն է։

Ես միշտ համոզված եմ եղել, հիմա էլ եմ համոզված, նույնիսկ ամենապարտված իրավիճակում էլ՝ մեր բանակն ունակ է սանձելու հակառակորդի զորքերին։

Հայոց պատմությունն ուսումնասիրեք,երբ մենք դիմադրել ենք՝ օտարը մեր իշխանությունը ճանաչել է։ Նույնը 1990-ականներին եղավ, հենց սկսեցինք ատամ ցույց տալ, աշխարհն սկսեց մեզ պաշտպանել։ Հեռու չգնանք, Ուկրաինայի օրինակը բերենք, որը պատերազմ է վարում ռուսական կայսրության դեմ։ Քանի դեռ ուկրաինացիները չէին դիմադրում, իրենց ոչ ոք չէր օգնում, հենց սկսեցին դիմադրել, աշխարհն ասաց՝ պետք է աջակցել։ Աջակցեցին, բայց կռվողը ուկրաինացին է, օտարը չէ։ Եթե մենք այստեղ սկսենք կռվել, համակիրներ չեն գալո՞ւ, գալու են։ 

Ես համոզված եմ, որ կան  մարդիկ, ովքեր կգան, կղեկավարեն, ժողովուրդն էլ իրենց հետևից կգնա, և մենք հաղթանակներ կարձանագրենք։